Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ պատերազմի ընթացքում ուկրաինական ընկերությունների եկամուտները կիսով չափ նվազել են։ Տնտեսության բոլոր ոլորտներից ռուսական ներխուժումն ամենաշատը հարվածել է մետալուրգիական արդյունաբերությանը:
Ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո Ուկրաինայում գործող ընկերությունների եկամուտները միջինը կիսով չափ կրճատվել են ամբողջ երկրում։ Դրա մասին ասվում է ուկրաինական բիզնեսի վրա պատերազմի ազդեցության մասին Համաշխարհային բանկի նոր զեկույցի մեջ:
Meduza-ն նշում է, որ մետալուրգիական բիզնեսը Ուկրաինայի տարբեր շրջաններում տարբեր աստիճանի է տուժել: Մասնավորապես, երկրի արեւելքում եւ հարավում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում, եկամուտները նվազել են համապատասխանաբար երեք անգամ եւ 60%-ով, իսկ այդ մարզերի աշխատակիցների թիվն ընկերություններում նվազել է գրեթե 40%-ով։ 2021 թվականի համեմատ երկրի արեւմուտքում գտնվող ընկերությունների եկամուտները նվազել են 40%-ով, իսկ աշխատողների թիվը՝ 20%-ով։
Միեւնույն ժամանակ արեւելյան եւ հարավային շրջանների ձեռնարկությունների միայն մեկ երրորդը, որտեղ գտնվում է երկրի արդյունաբերական արտադրության կեսից ավելին, ի վիճակի եղավ պահպանելու արտադրանքի թողարկումը նախապատերազմյան մակարդակում: Ռուսական հարձակումների պատճառով երկրի արեւելքում փլուզվել է ընկերությունների գրեթե կեսը՝ 47%-ը, հարավում՝ մոտ մեկ երրորդը՝ 29%-ը, միջինը փլուզվել է երկրի յուրաքանչյուր հինգերորդ ընկերությունը։