Բաքվի վերաքննիչ դատարանն հունվարի 15-ին մերժել է Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդությունը: Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունվարի 7-ին Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան խնդրել է դատարանին անմեղ ճանաչել իր պաշտպանյալին, որը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ։ Խոսքի իրավունք ստացած Վագիֆ Խաչատրյանը կրկնել է, որ ինքը 1991-ի մարտերին չի մասնակցել եւ անմեղ է։
Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ նիստին ներկա դատախազ Տարանա Մամեդովան եւ այսպես կոչված «տուժածները», սակայն, դատարանին հորդորել են չբավարարել Խաչատրյանի բողոքը։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։