Թեեւ համապատասխան օրենքում կատարված փոփոխություններով հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվել է, այդուհանդերձ, ճայթուկների օգտագործումից այս տարի եւս բազմաթիվ երեխաներ են վնասվել։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունվարի 3-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է դիմել պայթուցիկների, ճայթուկների օգտագործումից տուժած 5 քաղաքացի։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրանցից երկուսի ձախ դաստակի մատները: Երկու խնամյալ ստացել են պատռված վերք, մեկն էլ` մատի վնասվածք:
Ամանորյա հրավառությունների եւ ճայթուկների անզգույշ օգտագործման հետեւանքով տարվա սկզբին (հունվարի 1-8-ի տվյալներով) տարբեր վնասվածքներով հայաստանյան բուժկենտրոններ են ընդունվել 9 երեխաներ։ Տուժածներից ամենափոքրը եղել է 12 տարեկան: Նրա 3-րդ եւ 4-րդ մատներն անդամահատվել են: Դրանք, ըստ Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժական կլինիկայի բժիշկ Արտյոմ Նավոյանի, վերականգնման ենթակա չեն, քանի որ պայթուցիկի հետեւանքով ամբողջությամբ ջնջխված են:
Միկրովիրաբույժը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում շեշտել է, որ պայթուցիկների օգտագործման հետեւանքով ստացած վնասվածքները հիմնականում չվերականգնվող են, որովհետեւ մանր կտորների են բաժանում, բացի այդ՝ այրվածքներ պատճառում։ «Իմ պրակտիկայի ամենասարսափելի դեպքերից մեկը այս վնասվածքով ինձ հանդիպած ամենափոքր պացիենտն էր՝ 7-ամյա Մհերը Իջեւանից։ Բավականին լուրջ վնասվածք էր, որի հետեւանքով կորցրեց ամբողջ դաստակը»,- ասում է Արտյոմ Նավոյանը։
Բժիշկը նշել է, որ իր 25 տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս՝ Նոր տարվա գիշերը այսպիսի վնասվածքներով ընդունվողների թիվը չի նվազում։ Բժիշկը վստահ է, որ միակ ելքը պայթուցիկների, հրավառ նյութերի վաճառքի խիստ արգելքն է: