Ազգային ժողովը հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ 61 կողմ, 27 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով ընդունել է 27 տարին լրացած եւ բանակից խուսափած անձանց վերաբերյալ նախագիծը:
Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն բյուջե համապատասխան գումար վճարելուց հետո ազատվելու քրեական պատասխանատվությունից: Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ զինվորական ծառայությունը մեկ տարի կրճատելու համար անձը պետբյուջե պետք է վճարի 2,5 միլիոն դրամ, զինվորական ծառայությունը մեկուկես տարի կրճատելու համար՝ 5 միլիոն դրամ, իսկ ընդամենը մեկ ամիս ծառայելու եւ մնացած 23 ամիսների ծառայությունից ազատվելու համար՝ 8 միլիոն դրամ: Զինվորական ծառայությունից բոլորովին ազատվելու համար անձը պետական բյուջե պետք է վճարի 15 միլիոն դրամ։
Նախագծով միաժամանակ առաջարկվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում՝ նրանք կարող են կա՛մ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում, կա՛մ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ։
Կառավարության դիրքորոշումը ներկայացրած ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը նախագծի հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին խնդրել է ձեռնպահ մնալ 27 տարին լրացած եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ 1 տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտավորության սահմանումից: