Բրյուսելը սկսել է ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի աուդիտը։ Ստուգումը տեղի է ունենում այն պնդումների պայմաններում, որ Եվրամիության որոշ երկրներ ավելի քիչ զենք են փոխանցել Կիեւ, քան ի վիճակի էին: Դրա մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Պարբերականը նշել է, որ աուդիտն անցկացնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, իսկ աուդիտի արդյունքները կներկայացվեն փետրվարի 1-ին՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին։ Աղբյուրները նշում են, որ ստուգումն արդեն բախվում է որոշ երկրների դիմադրությանը, որոնք հրաժարվում են սպառազինությունների փոխանցման վերաբերյալ ամբողջական տվյալներ տրամադրելուց:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ պահանջել էր հաշվել եւ համեմատել ԵՄ երկրների ռազմական մատակարարումները Կիեւին։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Եվրամիությունը Կիեւին է մատակարարել խոստացված միլիոնից ընդամենը 300 հազար արկ։ Նա նշել է, որ նման իրավիճակը հանգեցնում է ռազմական մարտահրավերներին Արեւմուտքի պատրաստակամության վերաբերյալ տագնապալի եզրակացությունների: