Էստոնիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսաց լեզվով կրթության ֆինանսավորումը միասնական էստոներեն կրթության անցնելիս: Դրա մասին հունվարի 16-ին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:
2022-ի դեկտեմբերին Էստոնիայի խորհրդարանն ուղղումներ է մտցրել «Հիմնական եւ միջնակարգ դպրոցի մասին» օրենքում եւ այլ օրենքներում ռուսական դպրոցներում էստոներենով ուսուցման անցնելու վերաբերյալ։
Երկրի խորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանելիս Կալասը շեշտել է, որ Էստոնիայի պետական լեզուն էստոներենն է, եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սովորելու էստոներեն: Նա խոստացել է, որ Էստոնիայում շուտով կանցնեն միասնական էստոնալեզու կրթության համակարգի: Դրա նպատակն այն է, որ Էստոնիայի բոլոր բնակիչները լինեն միասնական տեղեկատվական տարածքում:
Ըստ նոր օրենքի՝ 2024-2025 ուսումնական տարում առաջինն էստոներենով ուսուցման կանցնեն մանկապարտեզներն ու հիմնական դպրոցների 1-4-րդ դասարանները։ Դպրոցներից կպահանջվի ապահովել էստոներենով ուսուցման անցումը 10-րդ դասարանում՝ 2030-2031 ուսումնական տարուց ոչ ուշ, 11-րդ դասարանում՝ 2031-2032 ուսումնական տարուց ոչ ուշ, իսկ 12-րդ դասարանում՝ 2032-2033 ուսումնական տարուց ոչ ուշ:
Կալասը խոստովանել է, որ էստոնալեզու կրթության համակարգի հարկավոր էր անցնել վաղուց: «Լավ է ուշ, քան երբեք: Ցանկացած դեպքում մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ»,- ընդգծել է Էստոնիայի վարչապետը։