Ուրալկալիի նախկին սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը, որը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, շվեյցարացի արտ-դիլեր Իվ Բուվիեին մեղադրել է խարդախության համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արվեստի կոլեկցիոները կարծում է, որ իր մասնակցությամբ կնքված գործարքներից 1 միլիարդ դոլար է կորցրել։
Ձեռնարկատերը դատական հայց է ներկայացրել աշխարհի հնագույն աճուրդի տներից մեկի՝ Sotheby’s-ի դեմ: Նա համոզված է, որ կազմակերպությունը Բուվիեին օգնել է նկարները վաճառելու ուռճացված գներով։ Նշվում է, որ արտ-դիլերն ու գործարարն անչափ մտերիմ են եղել, գնացել են ֆուտբոլի խաղ նայելու եւ միասին նշել ծննդյան տարեդարձերը։ Ռիբոլովլեւը վստահել է Բուվիեին, հավատացել նրա խորհուրդներին եւ արվեստի գործերի գնման գործում երկար տարիներ նրան դարձրել իր միակ միջնորդը:
Այսպես՝ 2013 թվականին Ռիբոլովլեւը Բուվյեից գնել է «Աշխարհի Փրկիչը» կտավը, որը վերագրվում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին, թեեւ փորձագետները կասկածի տակ են դնում նկարի իսկությունը։ Կորած համարվող կտավն առաջին անգամ աճուրդում հայտնվեց 2005 թվականին, իսկ հետո վաճառվեց ընդամենը 1175 դոլարով։
Մի քանի տարի անց կտավով հետաքրքրվել է ոմն ռուս ձեռնարկատեր. վերջինս կտավի համար վճարել է 127,5 միլիոն դոլար։ Հաղորդվում է, որ Բուվիեն, որն ավելի վաղ արվեստի գործը գնել էր աճուրդով, միայն այդ գործարքից վաստակել է մոտ 40 միլիոն դոլար։ Միաժամանակ, դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ իրեն հասանելիք միջնորդավճարը կոլեկցիոների վճարած գումարի ընդամենը մեկ տոկոսն է։ Իմանալով դրա մասին՝ Ռիբոլովլեւը մեկընդմիշտ խզել է հարաբերությունները Բուվիեի հետ։
Ըստ տեղեկությունների՝ դեռեւս 2021 թվականին Բուվյեն պնդում էր, որ իրավունք ունի արվեստի գործերի համար ցանկացած գին սահմանելու եւ եղել է ոչ միայն Ռիբոլովլեւի խորհրդատուն, այլեւ հենց վաճառողը։ Գործարարի հետ էլեկտրոնային նամակագրության ժամանակ նա փորձել է օլիգարխին հետ պահել «Աշխարհի Փրկիչը» կտավը գնելուց եւ հավաստիացրել, որ այդ աշխատանքը հազիվ թե լավ ներդրում համարվի։
Ընդհանուր առմամբ, ձեռնարկատերը, ինչպես նշված է, մոտ 2 միլիարդ դոլար է ծախսել իր արվեստի հավաքածուի վրա։