Նախորդ հոդվածում արդեն գրել ենք, որ Ռուսաստանը չէր կարող ներել լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած, կայսրության տարածաշրջանային արբիտրի կարգավիճակը կասկածի տակ դնող «նորելուկներին»՝ Միխայիլ Սաակաշվիլու Վրաստանին եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանին։
Երկու դեպքում էլ նրանց հաջողվեց պարտված պատերազմից հետո պահպանել իշխանությունն ու ամրապնդել իշխանական դիրքերը տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության աճի եւ, զուգահեռ, իրենց անձնակենտրոն իշխանության ամրապնդման, ընդլայնման ու պահպանման միջոցով։
Շինարար-հերոսը որպես ամեն բարիքի նվիրատու
Երկուսն էլ թե՛ իրենց իշխանության սկզբում, թե՛ պարտված պատերազմից հետո դիրքավորվում էին որպես հասարակության շինարար-հայրեր, որոնք արդիականացնում, կառուցում եւ ստեղծում են «նոր» երկիր։ Շինարար-օջախապետի ամպլուան լավագույնն էր, որ համընկնում էր նրանց մոդեռնիստ-պոպուլիստի կերպարի հետ։
Վարդերի հեղափոխության կառավարությունը, օրինակ, Սաակաշվիլիի գլխավորությամբ, հպարտանում էր նոր ճանապարհներով ու շենքերով։ Որպես կանոն, ամենահիասքանչ նախագծերը սիրում էր բացել ինքը՝ նախագահը։ Միեւնույն ժամանակ, Միշան պահանջում էր արագ կառուցել, եւ տեղական մամուլը լի էր նախագահի ձեռամբ բացվող կիսակառույց շենքերի մասին սատիրիկ հոդվածներով։
Սաակաշվիլին հաճախ էր իր ներկայությամբ ու ակտիվությամբ ցուցադրում Վրաստանի հմայքն ու զբոսաշրջային ներուժը։ Նա հայտնվում էր հեռուստաէկրաններին՝ մերթ դահուկորդի կոստյումով նվաճելով Սվանեթիի լեռները, մերթ Սեւ ծովի ափին՝ լողազգեստով։
Նմանապես էլ Փաշինյանը՝ մեկ նա Արտանիշ լեռան գագաթից խաղաղության ուղերձ է հղում Իրանի եւ ԱՄՆ նախագահներին, մեկ տարատեսակ գյուղական փառատոների է մասնակցում ՀՀ տարբեր մարզերում, մեկ «ՖեստիՎառ» է բացում՝ ընդգծելով էկոտուրիզմի, գյուղական տուրիզմի եւ ավանդական մշակույթի գրավչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՍաակաշվիլի եւ Փաշինյան. Ազգայնականություն, պատերազմ, վերընտրություն |
Իսկ վերջերս վարչապետը շարքային տեսչապետի ամպլուայով մասնակցեց պետական միջոցներով կառուցվող դպրոցների եւ մանկապարտեզների բացմանն ու ստուգումներին՝ ցույց տալով թերություններն ու բացթողումները։ Նա բողոքեց, որ «իրեն բերել են օբյեկտները բացելու առանց նախնական ճշգրտման ու ստուգումների»։
Նույն շարքից են, իհարկե, Քութայիսի ռենովացիան Վրաստանում, Կուրի վրա կառուցված մոդեռնիստական ճեմուղի կամուրջն ու Փաշինյանի ակադեմիական քաղաքը եւ գյուղերի կտուրների միաձեւ բարեկարգումը։
Լավ լուրերի ու փառքի նախարարության նախարար. այս տիտղոսով էր Սաակաշվիլին կառավարում Վրաստանը՝ օգտագործելով դասական փաթեթը՝ տնտեսական աճ, ենթակառուցվածքների շինարարություն, ժողովրդավարություն, Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացում եւ Ռուսաստանի հետ կապերի բալանսավորում։
Սաակաշվիլին դուրս էր ամեն տեսակի կոռուպցիայից, պայքարում էր բյուրոկրատիայի եւ իներցիայի դեմ, ամեն ինչում թափանցիկ կառավարման ջատագով էր եւ ներկայացնում էր իրեն որպես ժողովրդի մի մասնիկի, ժողովրդի ընտրյալի։
Ֆասադային ժողովրդավարություն
Ինչպես Փաշինյանի, այնպես էլ Սաակաշվիլու դեպքում ներքաղաքական կյանքի նրանց հիմնական նարատիվը ժողովրդավարության հաստատումն էր, ինստիտուտների կառուցումը եւ նախկին, կոռումպացված համակարգը վերացնելը՝ հընթացս ցույց տալով, որ իշխանության կենտրոնացումը մեկ անձի, այն է՝ Սաակաշվիլու կամ Փաշինյանի ձեռքում պարզապես մանր «չարիք է»՝ մեծ աղետները կանխարգելելու համար։
Մաքիավելին ասում էր՝ նպատակը արդարացնում է միջոցները՝ ավելի շատ իշխանություն՝ ավելի բարիք ստեղծելու համար։ Թե՛ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանության եւ նրա «կոստյումի դեմ», թե՛ Սաակաշվիլին, որի նպատակը Շեւարդնաձեի կոռումպացված, կիսաավտորիտար համակարգը վերացնելն էր, արդյունքում եռապատկեցին կամ քառապատկեցին քաղաքական ռեսուրսները՝ էլ ավելի կենտրոնացնելով իշխանության լծակներն իրենց ձեռքում՝ զորացնելով զբաղեցրած պաշտոնը։
Կարող է աբսուրդ կամ ֆարս թվալ, բայց, օրինակ, Փաշինյանի կառավարման օրոք այնքան տարփողված ժողովրդավարական ռեֆորմների արդյունքում վարչապետը ձեռք բերեց այնպիսի լծակներ ու որոշումներ կայացնելու այնպիսի լիազորություններ, որին կնախանձեին նախկին բոլոր նախագահները։
Սաակաշվիլին եւս երկրի բարեկեցության, տնտեսական աճի ու շինարարության բուռն աճի պայմաններում էլ ավելի ընդլայնեց նախագահական լիազորությունները՝ ստանալով այնպիսի իշխանություն, որի մասին Շեւարդնաձեն նույնիսկ չէր կարող երազել։
Հետազոտողներից շատերն այդպիսի համակարգերը, երբ ուժեղ անհատականությունները, օգտագործելով իրենց խարիզման եւ ժողովրդականությունը, էլ ավելի են ընդլայնում իշխանությունը, զուգահեռ հղում անելով ընտրություններին եւ ժողովրդի կամքին, կոչում են ֆասադային ժողովրդավարություն։
Սակայն շատերը կարծում են, որ հետհեղափոխական Վրաստանի ժողովրդավարությունն ու հաշվետվողականությունը առաջ չի շարժվել ոստիկանության նոր շենքերի եւ պետական գրասենյակների ապակեպատ եւ թափանցիկ ճակատներից այն կողմ։ Նմանապես էլ Փաշինյանի լայվերն ու այցելությունները նույնիսկ եզր չունեն ժողովրդավարության հիմնասյուների՝ իշխանության թեւերի հավասարակշռման, խորհրդարանի կողմից կառավարության վերահսկման եւ իշխանության մարմինների լիազորությունների տարաբաշխման ու կրճատման հետ։
Այս ամենում հեգնանքն այն էր, որ թե՛ Սաակաշվիլին, թե՛ Փաշինյանը իրենց երդվյալ հակառակորդ ու հակոտնյա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկ ընդհանուր բան ունեն՝ խոր նվիրվածություն եւ ակտիվ աշխատանք հանրային կերպարի կերտման ու «ժողովրդի հետ» կապի ամրապնդման ուղղությամբ։
Ինչպես Պուտինին, Սաակաշվիլիին ու Փաշինյանին եւս տեսնում ենք ամենուրեք՝ շուկաներում, գործարաններում, լեռներում, դահուկներով սահելիս կամ ծովում լողալիս։ Ե՛վ Սաակաշվիլին, ե՛ւ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են Վրաստանն ու Հայաստանը դարձնել տարածաշրջանի Սինգապուր, Հարավային Կորեա կամ Իսրայել (ըստ ճաշակի եւ իրավիճակի)։ Թե՛ Սաակաշվիլին, թե՛ Փաշինյանը տնտեսական աճի ու կոռուպցիայի դեմ պայքարի, երկրի մոդեռնացման ու ժողովրդին իշխանությունը «վերադարձնելուն» զուգահեռ մեծացնում ու ամրապնդում էին իրենց «անձի պաշտամունքը»։
Նրանք իրենց են վերագրում իրենց «նորածին» ու «բացառիկ» երկրների կերպարն ու էությունը։ Առանց նրանց չէին լինի իրենց երկրները։ Համենայն դեպս դա այն ուղերձն էր, որ նրանք հետեւողականորեն զարգացնում եւ հղում էին հանրությանը։
Չնայած Սաակաշվիլիի ջանքերին՝ վրացիներն ավելի ու ավելի էին հոգնում նրա քմահաճ, իմպուլսիվ եւ զգացմունքային կերպարից։ Միեւնույն ժամանակ, նրանք հոգնել էին բարեփոխումների իներտությունից եւ «հավերժ» կառավարումից: Արմատական բարեփոխումների, սեւ շուկայի նվազման եւ հմուտ աշխատուժի աճող պահանջարկի արդյունքում շատերը մնացել էին առանց աշխատանքի, եւ նույն մարդիկ, որոնք բերել էին նրան իշխանության, ստիպված էին «քաղել» այդ ռեֆորմների պտուղները՝ դառնալով գործազուրկ, զրկվելով ստվերային եկամուտներից, բայց ստիպված լինելով ամբողջությամբ վճարելու հարկերը:
Արդյունքում, հեղափոխությունն ու սոցիալական վերափոխումները անարձագանք չմնացին. հասարակությունը, որի փոփոխությանը հասավ Սաակաշվիլին, հոգնել էր նրանից։
Եկեղեցին նրան համարում էր չափազանց լիբերալ, լիբերալները՝ չափազանց պոպուլիստ, իսկ պոպուլիստները՝ չափազանց առաջադեմ:
Շուտով երկիրն ունեցավ նոր «Փրկիչ»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ նրա «Վրացական երազանք» քաղաքական դաշինքը։ Իվանիշվիլին, որն իր կարողությունը վաստակել է 1990-ականներին Ռուսաստանում, մեկ խոստումով էր եկել՝ ազատվել Սաակաշվիլիից եւ այն ամենից, ինչի հետ նա ասոցացվում է:
Վերջինս օգտվեց Սաակաշվիլիի բարեփոխումների անուղղակի հետեւանք հիասթափությունից, խոստացավ բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը նոր ներխուժման ամենաիրական վտանգն էր։ Նրա շուրջը համախմբվեցին հետադիմական եւ ավանդապաշտ խմբերը՝ լավագույնս միավորելով սոցիալական հոգնածությունն ու քաղաքական լճացումը։ Արդյունքում, Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 54,9 տոկոսը։ Սաակաշվիլի հովանավոր ԱՄՆ-ն հայտարարեց, որ Վրաստանի ժողովրդավարության համար կարեւոր քայլեր են ընտրություններն ու իշխանության խաղաղ փոխանցումը:
Փաշինյանի դեպքում հասարակության հոգնածությունը նրա պոպուլիստական, իմպուլսիվ եւ կոնֆլիկտային կառավարման բնույթից արդեն զգացնել է տալիս,
բայց «Իվանիշվիլի» հորիզոնում դեռ չի երեւում։
Իրենց երկրների պատմության ճամփաբաժանին հայտնված խոշոր անհատականություններն այլ ճակատագիր չեն էլ կարող ունենալ, նրանց կա՛մ անմնացորդ սիրում են, կա՛մ ատում։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։