Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 20-ը Սեւանա լճում խստորեն արգելվում է ձկնորսությունը։ Այս ընթացքում մշտապես լինելու է ուժեղացված հսկողություն։ Միջոցառումների կազմակերպման գործում ներգրավված են ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, ոստիկանությունը, «Սեւան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, Երեւանի քաղաքապետարանը։
2024 թվականի հունվարի 10-ի տվյալներով՝ ուժեղացված միջոցառումների ընթացքում առգրավվել է 623 կգ սիգ, Սեւանա լճից հանվել են 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնորսիչ, 20 միավոր լողամիջոց։ Նախորդ տարի եւս ձկնագողության ծավալները մեծ էին։
Սիգի պաշարները նկատելիորեն նվազել են։ Հունվարի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց՝ 2022 թվականին Սեւանում 4700 տոննա սիգ է եղել, 2023-ին՝ 3950։
Վերջին տասը տարվա ընթացքում ձկնապաշարի անկում է նկատվում, իսկ վերջին երեք-չորս տարիներին իրավիճակն ավելի է բարդացել։
Թեեւ ամեն տարի պարբերաբար մանրաձուկ է լցվում Սեւանա լիճ, որպեսզի ձկնապաշարի նվազման պրոցեսը կանխվի, բայց հարցն այդպես էլ չի լուծվում։ Բանն այն է, որ ջրի էկոլոգիայի վիճակը տարեցտարի վատանում է․ լճից ջուր է բաց թողնվում, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ջրիմուռները շատանում են, եւ լիճը կանաչում է: Բազմաթիվ բնակավայրերից հավաքված կոյուղաջրերը, տոքսիկ նյութերը լցվում են լճի մեջ, իսկ այդ պայմաններում ձկնապաշարի ավելացում ակնկալելն իրատեսական չէ։
Ջրիմուռների ծաղկման շրջանում այդ տարածքում եղած ջրային կենդանիներն ամբողջովին վերանում են։ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մանրամասնում է՝ միայն ձկներն են, որ շարժուն են ու խուսափում են այդ տեղերից, սակայն, այդուամենայնիվ, ջրիմուռների վնասակար նյութերն ազդում են նրանց կերակրաբազայի, ձվադրման վայրերի վրա։
Կոյուղուց լիճը լցվող օրգանական նյութերը քայքայվելով թթվածին են օգտագործում, այս գործընթացն էլ բացասաբար է ազդում կենսաբազմազանության վրա։ Այդ օրգանական, կենսածին տարրերը պիտի հասցվեն նվազագույնի, որպեսզի ջրի որակը լավ լինի, կենսաբազմազանությունն ու էկոհամակարգը նորմալ վիճակում լինեն։
«Հիմնականում ֆոսֆորն է նպաստում լճի ծաղկմանը՝ ջրիմուռների, այդ թվում՝ տոքսիկ կապտականաչ ջրիմուռների առաջացմանը։ Այսինքն՝ կեղտաջրերում առկա կենսածին տարրերը հանգեցնում են լճի ծաղկման ավելացմանը։ Հետեւաբար անհրաժեշտ է ոչ միայն մեխանիկական, այլեւ կենսաբանական մաքրում, այսինքն՝ պետք է ջրի մեջ լուծված քիմիական տարրերի մաքրում իրականացվի»,- ասում է Բարդուխ Գաբրիելյանը։
Մաքրման կայանների աշխատելու դեպքում Սեւանա լճի ծաղկումը նկատելիորեն կքչանա, այսինքն՝ կնվազեն թունավոր ջրիմուռները, որոնք բացասաբար են ազդում կենսաբանական ու բուսական աշխարհի վրա։
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշում է՝ կողմ է, որ անօրինական ձկնորսությունը կանխվի, բայց հիմնական խնդիրը ջրի որակն է։
«Ջրի մակարդակը մեկ կամ մի քանի սանտիմետր իջնում է, կոյուղաջրերն էլ չեն մաքրվում, մաքրման կայաններ չկան։ Մինչեւ չտեղադրվեն մաքրման կայաններ, մինչեւ Սեւանա լիճը չդիտարկենք որպես բնական, մաքուր ջրի հսկա պաշար, որը պետք է պահպանել, այս իրավիճակը չի փոխվելու»,- ասում է բնապահպանը։
Նա գիտի, որ Սեւանա լճի ավազանում բնակվողների մեծ մասի համար ձկնորսությունն ապրուստի միջոց է։ Սոցիալական խնդիրների պատճառով են մարդիկ ստիպված որսագողություն անում, եւ եթե աշխատատեղեր լինեին, շատերն իրենց վտանգի չէին էլ ենթարկի եւ այդ քայլին չէին դիմի։
Թեեւ Սեւանա լիճը զբոսաշրջային կենտրոն դառնալու ներուժ ունի, այդպես էլ չի դառնում․ ափերը կեղտոտ են, ափամերձ տարածքներում հին ու ժանգոտ տնակներ են դրված։ Բնապահպանը վստահ է՝ եթե ափամերձ տարածքները մաքրվեն, ժանգոտ վագոնների փոխարեն նորմալ պայմաններով ապահովված հանգստյան գոտիներ լինեն, էկոլոգիական վիճակն էլ բարելավվի, Սեւանը զբոսաշրջային կենտրոն կդառնա։
«Միայն ձկնագողությունն արգելելով՝ ձկնապաշարը չի ավելանալու, քանի դեռ ջրի էկոլոգիան չի փոխվել։ Ես արդեն սկսում եմ կասկածել՝ արդյոք կարող ենք Սեւանա լճի ջրի էկոլոգիական պայմանները բարելավել, հասցնել այն վիճակին, ինչպիսին 30-40 տարի առաջ էր։ Մենք միայն հետընթաց ենք տեսնում»,- ասում է բնապահպանը։
Լճի կանաչելը սերտորեն կապված է նաեւ վերջին տասնամյակներում Կառավարության որոշմամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու հետ։ Մինչդեռ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր է խուսափել դրանից։ Մասնագետները բազմիցս պնդել են՝ ջրային ռեսուրսների կառավարման արդիական մեթոդներ ու տեխնոլոգիաներ կան, հարկավոր է որոշակի գումար ծախսել եւ այդ տեխնոլոգիաներով ոռոգում իրականացնել։
Վերջին 24 տարում բնապահպանական աշխատանքով զբաղվող Սիլվա Ադամյանն ասում է՝ Կառավարությունը միշտ պատճառաբանում է՝ երաշտ է, հնարավոր չէ խուսափել Սեւանից ջուր բաց թողնելուց։ Այլընտրանքային տարբերակ չեն էլ փնտրում, նոր տեխնոլոգիաներ չեն էլ կիրառում։ Պատրաստի ռեզերվ կա, ջուր են բաց թողնում։
«Երեւի հաշվարկում են, տեսնում են, որ թանկ է ուրիշ տեղից ջուր բերելը կամ հարցերն այլ կերպ նոր տեխնոլոգիաներով լուծելը եւ այդպես ամեն անգամ ջուր են բաց թողնում։ Սա ցավալի իրականություն է․ եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, Սեւանը կորցնելու ենք։ Այն համաշխարհային արժեք ունեցող լիճ է․ այն ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա է՝ սարերի արանքում, օդը լավն է․․․ Այն աշխարհի բոլոր լճերից տարբերվում է, պիտի պահպանենք որպես բնական հուշարձան»,- եզրափակում է բնապահպանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։