Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե եւ հայտարարել, թե չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: «Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, եթե վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ներկաներն էլ հավելել են, թե ատոմակայանի դեպքում կա երկու տիպի վթար՝ ներքին եւ արտաքին։ Մոդուլյար ռեակտորների դեպքում «արտաքին վթար» հասկացությունը վերանում է:
Ինչպես գիտենք, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումներ կան արդեն շուրջ երկու տասնամյակ. սկսվեցին մինչեւ 2016 թվականը, երբ պատրաստվում էին ՀԱԷԿ-ը վերազինել, որպեսզի աշխատի եւս 10 տարի։ Երկու տարի անց լրանալու է այդ ժամկետը, բայց նախատեսվում է երկրորդ եւ վերջին վերազինումը, որի աշխատանքները սկսվել են։ Դա մինչեւ 2036 թվականը կերկարաձգի ՀԱԷԿ-ի կյանքը։ Բայց դրանից հետո Հայաստանը պետք է ունենա նոր ատոմակայան, որը կզբաղեցնի արդեն շահագործումից դուրս բերվող ՀԱԷԿ-ի տեղը։
Տարիներ շարունակ քննարկումներն ընթանում էին այն ուղղությամբ, թե մեր երկրորդ ատոմակայանը նույնպես պետք է Ռուսաստանը կառուցի։ Բայց անցած գարնանը ԱՄՆ-ից հնչեց անակնկալ հայտարարություն։ «ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում ու Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։
Վարչապետն անմիջապես ստեղծեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է օգոստոսին եզրակացություն ներկայացներ՝ մեր երկրի համար ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան ատոմակայան է նախընտրելի։ Ռուսաստանը մեզ առաջարկել է մեծ՝ 1000-1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կառուցել, ինչը թանկ արժե, եւ կառուցման համար ավելի քան տասը տարի ժամանակ է պահանջում, բացի այդ՝ մեր երկիրն այդքան էլեկտրաէներգիա իրացնելու հնարավորություն չունի։ Սեպտեմբերի վերջին, այսինքն՝ այդ աշխատանքային խմբին տրված ժամկետի ավարտից գրեթե երկու ամիս անց, «Ալիք Մեդիան» հարցում ուղարկեց Կառավարություն, թե ի վերջո ինչ եզրահանգման են եկել, եւ որ տիպի ատոմակայանին են նախապատվությունը տվել։ Մեր հարցմանը պատասխանել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, թե հարցը քննարկում են։ Եվ մինչ այժմ գործադիրը որոշակի տեղեկություն չի ներկայացրել, թե որ մոդելն է նախընտրում։
Կառավարության երեկվա հաղորդագրության մեջ նույնպես չկար որեւէ հուշում՝ ամերիկյա՞ն, թե՞ ռուսական ատոմակայան պետք է կառուցվի։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության մասնագետ Սուրեն Բզնունին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ է քննարկումներից, բայց չի ցանկանում բացահայտումներ անել։ Վարչապետը պետք է այդ մասին հայտարարի։ Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը ներկա էր այդ հանդիպմանը, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Բանն այն է, որ Հայաստանն իրականում ընտրություն կատարելու մեծ ազատություն չունի։ Էներգետիկ հարցերը սոսկ տնտեսական ոլորտի խնդիրներ չեն, դրանք նույնքան, միգուցե ավելի շատ քաղաքական բնույթ ունեն։ Դա քաղաքական վեկտորի փոփոխության նման մի բան է կամ դրա առաջին քայլն է։ Այդ պատճառով էլ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տատանվող մեր իշխանությունները չեն կարողանում որոշում կայացնել կամ կայացրել են, բայց դեռ չեն համարձակվում բարձրաձայնել։ Մարիա Լոնգի հայտարարությունից հետո Ռուսաստանից շտապեցին հայտարարել, որ Հայաստանին կարող են առաջարկել նաեւ փոքր մոդուլային ռեակտորներ։ ՌԴ-ն ամեն կերպ փորձում է Հայաստանին բաց չթողնել իր էներգետիկ ազդեցությունից։
Մյուս կողմից՝ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով «նոր ատոմակայան կառուցելու եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու» պարտավորություն ունի։ Սա խորքում ունի ռուսական էներգետիկ ազդեցությունից դուրս գալու ենթատեքստ։
Այժմ Հայաստանի էներգետիկ ռեսուրսների գրեթե 70 տոկոսը ռուսական է՝ գազը, ՀԱԷԿ-ը շահագործում է այդ երկիրն՝ իր վառելիքով եւ արտադրում է մեր էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը։ Իսկ եթե մեր իշխանությունները կարողանան նոր ատոմակայանը կառուցել, այնուհետեւ շահագործել արդեն ԱՄՆ-ի օգնությամբ, դա կնշանակի, որ մենք ՌԴ-ից ձեռք կբերենք եւս 30 տոկոս էներգետիկ անկախություն՝ տնտեսական ու քաղաքական բոլոր հետեւանքներով։
Բայց հեշտ չէ նման որոշում կայացնելը։ Կարելի է ենթադրել, թե Ռուսաստանն ինչպես կհակադարձի, եթե մեր երկիրն ընտրի ամերիկյան տարբերակը։ Առնվազն կարող է խաթարել մեր էներգետիկ անկախությունը՝ տարբեր պատճառներով դադարեցնել ՀԱԷԿ-ի շահագործումը կամ երկրորդ վերազինումը, գազը թանկացնել կամ ընդհանրապես կտրել եւ այլն։ Իսկ դա կնշանակի, որ առնվազն 10 տարի՝ մինչեւ նոր ատոմակայանի կառուցումը, Հայաստանը կապրի մութ ու ցուրտ տարիներ։
Իսկ որոշում կայացնելու համար Նիկոլ Փաշինյանը շատ ժամանակ չունի։ Խոսքը չի վերաբերում ընտրություններին կամ իշխանափոխությանը։ Պարզապես նոր ատոմակայան կառուցելու համար քիչ ժամանակ է մնացել։ Սուրեն Բզնունին հավելեց, թե անգամ փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու համար անհրաժեշտ է 4-6 տարի։ Բացի այդ՝ նախնական եւ անվտանգության փորձաքննությունների համար կպահանջվի եւս մի քանի տարի։ Այնպես որ 2024-2025 թվականները որոշում կայացնելու վերջին տարիներն են։ «Մենք պետք է շտապենք, որպեսզի կարողանանք ժամանակին ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը»,- հավելեց Սուրեն Բզնունին։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։