ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխել զորակոչի մասին քաղաքացիներին իրազեկելու կարգը եւ ավելացնել նաեւ էլեկտրոնային իրազեկման տարբերակը։ Այսինքն` զորակոչի մասին քաղաքացիներին կիրազեկվի ոչ միայն փոստային նամակով, այլ նաեւ անձնական էլեկտրոնային փոստով, ինչպես նաեւ ծանուցումը կտեղադրվի հայտարարությունների azdarar.am կայքում։
Առաջին դեպքում ծանուցագիրը կհամարվի հանձնված, եթե ստացողը ծանոթացել է դրան եւ հաստատել այն էլեկտրոնային եղանակով, երկրորդ դեպքում՝ կայքում հրապարակվելուց 5 օր հետո:
Ըստ ՊՆ-ի նախագծի հիմնավորման՝ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման հետեւանքով քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, եւ այդ պատճառով հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նախագծին դեմ կամ կողմ կարելի է քվեարկել e-draft–ում մինչեւ հունվարի 31-ը։