Պակիստանը հունվարի 18-ի առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իրանում տեղակայված «հակապակիստանյան» ահաբեկչական խմբավորումների զինյալների ճամբարներին։ Դրա մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի հետախուզական ծառայության անանուն ներկայացուցչին։
«Կարող եմ միայն հաստատել, որ հարվածներ ենք հասցրել Իրանում տեղակայված հակապակիստանյան զինված խմբավորումներին»,- ասել է նա՝ հավելելով, որ Պակիստանի իշխանությունները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը Իրանին հասցված հարվածը որոաել է իբրեւ հակաահաբեկչական գործողություն: «Այսօր առավոտյան Պակիստանը Մարգ Բար Սարմաճար ծածկանունով գործողության շրջանակում մի շարք խիստ համակարգված եւ նպատակաուղղված ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին: Ոչնչացվել են մի քանի ահաբեկիչներ»,- ասված է Պակիստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Իրանական «Մեհր» գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արեւելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։
Մարհամաթին նաեւ հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետեւանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է զոհվել, նրանցից երեքը՝ կին, չորսը՝ երեխա։