Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ: Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: Մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Նա հավելել է, որ դրա շնորհիվ կբացառվի ստորագրություն կամ կնիք ստանալու համար դռնեդուռ ընկնելը: Բուժառուին անհրաժեշտ կլինի ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ:
Երկրորդ ամենամեծ փոփոխությունն անցումն է էլեկտրոնային իմունիզացիային: 0-18 տարեկանների, ինչպես նաեւ մեծահասակների պատվաստումային ամբողջ գործընթացը նույնպես կդառնա էլեկտրոնային՝ սկսած ծննդատնից:
Ջումայանն անդրադարձել է առաջնային օղակում կատարվող հաջորդ կարեւոր քայլին՝ ամբուլատոր քարտի ներդրմանը, որը վերաբերում է այնտեղ ստացած ծառայություններին: Նա նշել է, որ ամբուլատոր քարտի էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է:
Ինչ վերաբերում է ստացիոնար այցերին, քարտը կամ պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ խնամյալի հետ կատարված գործողությունները։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձեւաչափերով։
Փոխնախարարը շեշտել է, որ համակարգի ներդրումը նաեւ հերթերից խուսափելու եւ ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է: