Ջերմաչափերի, բարոմետրերի, մանոմետրերի եւ սնդիկի հավելիչով այլ արտադրանքի՝ Հայաստանից արտահանման ու Հայաստան ներմուծման արգելքը եւս 6 ամսով երկարաձգվեց։
Ըստ 2023-ի օգոստոսի 11-ի հաստատված ցանկի` սնդիկի հավելիչով արտադրանքն ընդգրկում են բարոմետրերը, ջերմաչափերը, մթնոլորտային օդի եւ այլ գազի խոնավաչափ մանոմետրերը, ինչպես նաեւ հիգրոմետրերը, արյան ճնշաչափ սֆիգմոմանոմետրերը եւ այլն։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի փետրվարի 13-ից` վեց ամիս ժամկետով։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ դրանք խիստ թունավոր են եւ վնասակար մարդու առողջության, վայրի բնության եւ էկոհամակարգերի համար։ «Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական եւ իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի եւ աչքերի վրա»,– նշված է որոշման մեջ։
Ըստ ԵԱՏՄ եւ ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության՝ սնդիկի հավելիչով արտադրանքից մի քանիսը տեխնիկական կանոնակարգման օբյեկտ են։ Այսինքն՝ այդ արտադրանքը շուկա դուրսբերման՝ ներառյալ արտահանման եւ ներմուծման դեպքում պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման փաստաթղթերով։
Հայաստանի խորհրդարանը դեռ 2022-ի մարտի 23-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել էր «Սնդիկի մասին» օրինագիծը, որով արգելվում են սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Արգելված ապրանքների ցանկում են բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը, ինչպես նաեւ Հայաստանում վաղուց գործածությունից դուրս եկած լյումինեսցենտային լամպերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում դրանց վաճառքը կարգելվի։ Օրինագիծն ընդունվել է Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը: Կոնվենցիան բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար սահմանափակում է սնդիկի օգտագործումը։