2019 թվականին Գյումրու բուհերի տասը ուսանողներ հավաքվեցին մի գաղափարի շուրջ։ Նրանք երազում էին տեսնել քաղաքի բուհերը ավելի լավ կրթական համակարգով։ Երազանքին զուգահեռ սկսեցին աշխատել ու ստեղծեցին «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական հասարակական կենտրոնը։
«Մենք սկսեցինք 2019 թվականի հունիսին եւ սկզբում ուսանողական նախաձեռնություն էինք։ Տասը ուսանողներով էինք, բայց բոլորս համախմբվել էինք Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ նրա մասնաճյուղերում կրթական որակի փոփոխությունների հասնելու համար»,- պատմեց «Ռեստարտ Գյումրի» կենտրոնի հիմնադիր Գեւորգ Ղուկասյանը։
Փոփոխությունների հասնելու ճանապարհը բարդ էր, բայց երիտասարդների շարժիչ ուժը՝ իրենց ընդհանուր երազանքը, ստիպեց ավելի բուռն աշխատել, ինչի շնորհիվ էլ լուրջ փոփոխությունների հասան Շիրակի պետական համալսարանում։ Լուծարեցին ապօրինի ու քաղաքականացված ուսանողական խորհուրդը, որից հետո ձեւավորվեց նոր, լեգիտիմ եւ ժողովրդավարական արժեքներով գործող խորհուրդ։ Համալսարանի բարձրագույն կառավարման մարմնում նոր ուսանողներ ընտրվեցին։ Նրանց պահանջով Հայաստանի կառավարությունը հաստատեց հոգաբարձուների խորհուրդը։
Այս ամենը ուսանողների իրականացրած ռեֆորմների մի մասն է, տարիների ընթացքում աշխատանքները շարունակվել են, եւ ուսանողական կյանքը բավականին փոխվել է դեպի լավը։
«Այս չորս տարիների ընթացքում հիմնական դժվարությունը համալսարանական միջավայրում եղել է համալսարանի կոնսերվատիվ եւ որոշակիորեն քաղաքականացված շերտերի, դասախոսների, ամբիոնի վարիչների, ինչպես նաեւ վարչական աշխատողների ընդդիմանալը մեր ծրագրերին, բայց դա հին պատմություն է, մենք նրանց արդեն հաղթել ենք»,- անկեղծացավ Ղուկասյանը։
Գեւորգը հիշում է, որ հեղափոխությունից հետո ծնված ժողովրդական եւ հասարակական տարբեր կազմակերպություններն անընդհատ ինչ-որ խմբերի հարձակումների տակ էին։ Դրանք նախկին համակարգի ներկայացուցիչներ էին, որոնք պարբերաբար փորձում էին նվաստացնել ու նսեմացնել, ապալեգիտիմացնել քաղաքացիական ակտիվիզմն ու տարբեր կազմակերպությունների աշխատանքը։ Նպատակը քաղաքացիական ընդվզումների հաջողությունները եւ պետության տարբեր համակարգերի փոփոխության հնարավորությունները զրոյացնելն էր։
«Մեզ նման խմբերի նկատմամբ էդ շրջանում կար շատ մեծ ընդդիմություն, ընդդիմանում էին, որովհետեւ մենք ռեալ ռեֆորմների ուղղությամբ էինք գնում եւ պահանջում էինք, պահանջելուն զուգահեռ էլ անում էինք առաջարկներ՝ հիմնավորված հետազոտություններով»,- պատմեց Գեւորգ Ղուկասյանը։
«Ռեստարտը» 2019 թվականից մինչեւ 2020 թվականի կեսերն աշխատել է առանց որեւէ ֆինանսական ռեսուրսի, երիտասարդների մոտիվացիայի շնորհիվ, որի շնորհիվ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր։
Ստեղծման օրվանից «Ռեստարտը» աշխատում է Շիրակի, Լոռու, Տավուշի եւ հարեւան մյուս մարզերի երիտասարդների հետ։ Իրականացնում են ե՛ւ ժամանցային, ե՛ւ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ մեդիա նախագծեր, որոնց մասնակցում են երիտասարդներն ու բարելավում են իրենց գիտելիքները։
Տարիների ընթացքում իրականացրել են շուրջ 15 ծրագիր տեղական եւ միջազգային գործընկերների համագործակցությամբ, աշխատել ավելի քան 6000 երիտասարդների հետ։
«Այս պահին մենք իրականացնում ենք ժողովրդավարության դպրոց, արվեստի մրցանակաբաշխություն ժամանակակից արվեստագետների ակտիվացման համար։ Գրասենյակի տարածքում հաճախ լինում են բաց քննարկումներ, նաեւ կազմակերպում ենք ճամբարներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ուսանողական ինքնավարության եւ այլ կարեւոր թեմաներով, որոնց մասնակցում են մարզերի ուսանողները։ Հետո իրենք են ստացած գիտելիքներով տարբեր ծրագրեր իրականացնում»,- պատմեց Գեւորգ Ղուկասյանը։
Մեկ տարի առաջ «Ռեստարտը» ստեղծեց «Գյումրու երիտասարդական միություն» նախաձեռնությունը, որը ներառում է քաղաքի 14 պետական կրթական հաստատությունների ուսանողական եւ աշակերտական խորհուրդները։
Իրենց գրանցած հաջողությունները փորձում են տարածել մյուս բուհերի եւ դպրոցների աշակերտների շրջանում, որպեսզի նրանք էլ լինեն քաղաքացիական դիրքորոշմամբ ակտիվ մարդիկ, որպեսզի ցանկացած կրթական հաստատությունում խնդիրներ տեսնելու դեպքում կարողանան բարձրաձայնել եւ փորձեն հասնել հաջողությունների։
Վերջում Գեւորգը ցավով նկատեց, որ այժմ երիտասարդների շրջանում ավելի շատ նկատվում է անտարբերություն, ապագայի պատկերացումները մշուշոտ են։ Անտարբերության պատճառները նրանք գտել են, ինչի շնորհիվ սկսել են ավելի ինտենսիվ աշխատել՝ փորձելով պայքարել դրա դեմ։
«Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմը մղված է հետին պլան, որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով․ դա հետպատերազմյան Հայաստանն է, Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումն է, Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամն է եւ ռեֆորմների չափազանց դանդաղ ընթացքը կամ էլ արդյունավետ իրականացումը, որի արդյունքում էլ երիտասարդների մեջ առաջանում է անզորության զգացում»,- ասաց Գեւորգ Ղուկասյանը։
«Ռեստարտ» կազմակերպությունը Գյումրուց բացի գործում է նաեւ Գավառում, Իջևանում, Եղեգնաձորում, Երեւանում ու Վանաձորում։ Կազմակերպությունները փորձում են ակտիվացնել երիտասարդների շրջանում քաղաքացիական հասարակական ակտիվությունը։
«Էսօրվա Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրթական համակարգի ձախողման հետ ապագայում բախվելու են հենց երիտասարդները։ Եթե էսօր չմասնակցեն էդ գործընթացներին, վաղն իրենք են բախվելու ձախողված ռեֆորմներին ու էն օրակարգին, որը հետին պլան է մղված»,- ասաց Գեւորգ Ղուկասյանը։
Աստղիկ Հովհաննեսով