Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Դրա մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։
«Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերել Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը»,– շեշտել է Լավրովը։
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են տնտեսական եւ տրանսպորտայինբոլոր կապերը: Լավրովը նշել է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությամբ, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ եւ շահավետ Սյունիզի մարզով երթուղու բացումը մինչեւ հիմա շարունակում է թղթի վրա մնալ: Դրա պատճառը ՌԴ արտգործնախարաը տեսնում է Երեւանի դիրոքորոշման մեջ՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երեւանին: Այս համատեքստում Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ԵՄ-ն սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին եւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը՝ Լավրովը նշել է, որ արեւմտյան գործընկերները ձգտում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց մոտ։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է, որ այն կնքվի ռուսական տարածքում:
«Այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, եւ կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար: Որքանով է դրան պատրաստ Երեւանը, ինձ հայտնի չէ, թե համապատասխան ազդակներ ուղարկվել են պաշտոնական Երևանին, ինձ հայտնի չէ»,- շեշտել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։