Բուհերի ընդունելության միասնական քննությունների՝ հունվարի 20-ին մեկնարկող առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից: Չի բացառվում, որ նրանք կզրկվեն նաեւ ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։
Դրա մասին հունվարի 18-ի ասուլիսում հայտարարել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նա ընդգծել է, որ գործընթացն ավելի խիստ մոտեցում է պահանջում։
Նասիբյանը հայտնել է նաեւ, որ քննական գործընթացում ներգրավված են մոտ 400 մասնագետներ, որոնք կազմակերպում են քննությունները։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին կմասնակցի 9672 դիմորդ։ Նրա տվյալներով՝ 2023-ի նույն ժամանակահատվածում միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 800 դիմորդ։
Միասնական քննությունների համար նախապատրաստել են 43 քննական կենտրոն, որոնք տեղակայված կլինեն Երեւանում եւ մարզկենտրոններում։ Միայն Սյունիքի մարզում տեղակայված կլինի 2 քննական կենտրոն։ Գորիսում կենտրոն կկազմակերպվի Սիսիանի եւ Գորիսի շրջանավարտների համար, իսկ Կապանում` Մեղրիի եւ Կապանի շրջանավարտների համար։
Հունվարի 20–ին կանցկացվի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունը։ Հունվարի 21-ին նախատեսված են «Քիմիա» եւ «Աշխարհագրություն» առարկաներից քննությունները։ Փետրվարի 3–ին կանցկացվեն «Մաթեմատիկայի», իսկ փետրվարի 4–ին` «Կենսաբանություն» եւ «Ռուսերեն» առարկաների քննությունները։