ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է մահվան դեպքերի դինամիկ աճ։ Դրա մասին հունվարի 18-ի ասուլիսում հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նա նշել է, որ 2018-ին հայկական բանակում արձանագրվել է մահվան 63 դեպք, 2019-ին՝ 49 դեպք, 2020 թվականին՝ 54 դեպք, 2021 թվականին՝ 58 դեպք, 2022 թվականին՝ 64 դեպք, 2023-ին՝ ավելի շատ»,– նշել է նա։ Թե որքան են եղել նման դեպքերը 2023-ին, Եղոյանը չի ճշգրտել:
Ըստ ՄԻՊ-ի աշխատակազմի պաշտոնյայի՝ նույն իրավիճակն է նաեւ ինքնավնասումների առումով․ 2020 թվականին արձանագրվել է 65 ինքնավնասման դեպք, 2021 թվականին՝ 77 նման դեպք, 2022 թվականին՝ 108 ինքնավնասման դեպք:
«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին, միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա եւ ներկայում էլ առկա է»,– ընդգծել է Եղոյանը։ Նա ասել է նաեւ, որ ՀՀ զինված ուժերում խնդիրը կարգավորելու համար կանխարգելիչ քայլերի միասնական հայեցակարգ պետք է ստեղծել։
Ավելի վաղ ՔՊ-ից ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով զորամասերում սպանության դեպքերին եւ դրանցով պայմանավորված՝ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության թեմային, հայտարարել էր. «Եթե բանակի քաղաքական պատասխանատուի հարցն անմիջականորեն կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող միջին վիճակագրական հանցագործությունների հետ, ուրեմն բանակում պաշտպանության նախարարը պետք է փոխվի երեւի շաբաթը մեկ կամ ամիսը մեկ-երկու անգամ»: