Եվրախորհրդարանի եւ ԵՄ երկրների ներկայացուցիչները հունվարի 18-ին համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ։ Կանոնակարգը կգործի ԵՄ բոլոր երկրներում եւ պետք է ծածկի ազգային օրենսդրության սողանցքները:
Բացի դրանից՝ պերճանքի առարկաներ վաճառողներից կպահանջվի ստուգել իրենց հաճախորդների ինքնությունը եւ կասկածելի գործարքների մասին տեղեկացնել իշխանություններին: Խիստ կանոնները կկիրառվեն զարդերի, թանկարժեք մեքենաների, մասնավոր ինքնաթիռների եւ զբոսանավերի վաճառքի նկատմամբ:
Նոր կանոնակարգին կենթարկվեն նաեւ հարուստ ֆուտբոլային ակումբները, մասնավորապես Մյունխենի «Բավարիան» կամ Դորտմունդի «Բորուսիան»: Երրորդ երկրներից բազմամիլիարդանոց ներդրումները հազվադեպ չեն պրոֆեսիոնալ ֆուտբոլում եւ, հետեւաբար, համարվում են Եվրոպայում փողերի լվացման հնարավոր ճանապարհ: