Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 18-ին սահմանամերձ Սիստան եւ Բելուջիստան նահանգի վրա Պակիստանի հարձակումն անվանել է «անհամաչափ» եւ «անընդունելի»: Գերատեսչությունը երկու երկրների հարաբերությունները համարում է բարիդրացիական եւ կոչ է անում պակիստանցիներին չխախտել Իրանի տարածքային ամբողջականությունը:
«Մենք ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը համարում ենք մեր կարմիր գիծը եւ վճռականորեն ակնկալում ենք, որ Պակիստանի կառավարությունը հավատարիմ կմնա իր պարտավորություններին` կանխելու իր երկրում բազաների եւ զինված ահաբեկչական խմբավորումների ստեղծումը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Սիստան եւ Բելուջիստան նահանգում գտնվող Մարգ Բար Սարմաճար բանակային կորպուսի սահմանային ճամբարի ուժերը հետեւում են, որ տարբեր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Իրանի տարածք չթափանցեն։ Ուստի գերատեսչությունը դատապարտում է իր տարածքի վրա հարձակումը, որի հետեւանքով զոհվել են վեց երեխա, երկու կին եւ մեկ պաղեստինցի։
Իսլամաբադն ի պատասխան վստահեցրել է, որ լիովին հարգում է Իրանի ինքնիշխանությունը, նրա ժողովուրդն այն համարում է «եղբայրական», սակայն Պակիստանի անվտանգության շահերը «չեն կարող վտանգվել»։
Պակիստանի ԱԳՆ-ն հունվարի 18-ին Իրանի սահմանամերձ նահանգում թիրախների հարվածը բացատրել էր նրանով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում տարածքն օգտագործել են պակիստանյան ահաբեկչական կազմակերպությունները, ինչի կապակցությամբ Իսլամաբադը բազմիցս մտահոգություն է հայտնել Թեհրանին եւ նրան տրամադրել «բազմաթիվ դոսյեներ՝ կոնկրետ ապացույցներով»։