Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման եւ ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երեւանից ահազանգեր չեն ստացվել: «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում սրա մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ինձ նման ազդանշանների մասին հայտնի չէ։ Ես կենտրոնանում եմ այն պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա։ Ռուսական կողմից նույնպես նման ահազանգեր չեն ստացվել»,- ընդգծել է դեսպանը։
Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն եւ Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը։ Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երեւանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է անում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։
Անդրադառնալով մայիսին Մոսկվայում անցկացվելիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Դեսպանը շեշտել է այն հանգամանքը, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում, ինչը ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում: Դեպանը նշել է, որ բարձր եւ բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները սովորական երեւույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, եւ այդ հարցը եղել է, կա եւ մնում է օրակարգում:
«Դա շատ կարեւոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարեւոր են, դրանք կիրականացվեն եւ, բնականաբար, շփումներ, այցելություններ կպահանջեն»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: