Հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մի շարք առարկաների նոր դասագրքեր չկան։ Այս երեք դասարաններում էլ չկա «Ռուսաց լեզու» առարկայի դասագիրք, 5-րդ-ում չկա «Իմ հայրենիքը» առարկայի, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ «Ֆրանսերենի» եւ «Կերպարվեստի», 7-րդ դասարանում՝ «Գերմաներենի», «Թվային գրագիտության եւ համակարգչային գիտության», «Արվեստի» դասագրքեր։ Որոշ դպրոցներում 2-րդ դասարանցիները դեռեւս «Շախմատ» առարկայի դասագրքեր չունեն։
Բանն այն է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները սկսել են իրականացվել հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ուստի հե՛նց այս դասարաններում չկան որոշ դասագրքեր։
Աշակերտները սովորում են կա՛մ հին դասագրքերով, կա՛մ պատճենահանված նյութերով։ Պատճենահանման ծախսերը դպրոցները պիտի հոգան։ Հին դասագրքերով դասապրոցեսին զուգընթաց ուսուցիչներն օգտվում են նաեւ ԿԳՄՍ-ի տրամադրած ուղեցույցներից։
Վերոնշյալ առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթները հայտարարվել են 2023 թվականի սեպտեմբերին։ Այս ընթացքում դասագրքերի ստեղծման մրցույթում կա՛մ հայտ ներկայացնողներ չեն եղել, կա՛մ հաղթողներ։ Նախ՝ ժամկետն էր սուղ, բացի այդ՝ դասագրքի ստեղծման համար նախատեսվող հոնորարի չափը նվազեցվել է։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ մասնագետները, գիտնականները, որոնք նախկինում մասնակցում էին դասագրքերի ստեղծման գործընթացին, այս անգամ մրցույթին չեն մասնակցել, քանի որ նրանց համար ընդունելի չեն այն չափանիշներն ու չափորոշիչները, որոնք դրված են որպես նախապայման դասագրքեր ստեղծողների առջեւ։
«Այսինքն՝ եթե մարդը մի արժեհամակարգ ունի, չի կարող մեկ այլ արժեհամակարգով առաջնորվել ու դասագիրք գրել։ Հիմնական պատճառը հենց սա է։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի իմ գործընկերները հենց այդ մասին էին խոսում՝ նշելով, որ սկզբունքները, որոնցով առաջարկում էին դասագիրք ստեղծել, իրենց համար ընդունելի չեն, այսինքն՝ ստացվելու էր այն, ինչ որ հիմա կա (նկատի ունի աղմկահարույց, բազմիցս քննարկված 7-րդ դասարանի պատմության դասագիրքը- հեղ․)։ Նման դասագիրք այդ մասնագետները չեն ուզում գրել»,- ասում է կրթության փորձագետը։
Այս խնդրից բացի՝ իրատեսական չէ այդքան սեղմ ժամկետում դասագիրք գրել, դրա համար տարիներ են պետք։
Դասագրքերի բացակայությունը բացասաբար է ազդում կրթական գործընթացի վրա։ Ոչ միայն աշակերտները, այլեւ ուսուցիչները երբեմն չգիտեն՝ որ դասը որտեղից պետք է վերցնել։ Օրենքով որեւէ կերպ կարգավորված չէ, թե ով պետք է նյութերը բազմացնի ու բաժանի աշակերտներին, կամ ինչպես պետք է աշխատել այդ նյութերով։ Մասնագետը վստահեցնում է՝ դասագրքերի բացակայությունը խաթարում է կրթական գործընթացը։
«Այս ամենն ազդելու է նաեւ երեխաների՝ տվյալ առարկային տիրապետելու հմտության վրա։ Նորմալ կրթություն չեն ստանում, քանի որ դասագիրք չունեն։ Հաջորդ տարիներին նրանք շատ ավելի մեծ ջանք պիտի գործադրեն, որ լրացնեն բաց թողածը։ Սա մեծ թերություն է, մեծ բացթողում, որի համար ոչ ոք նույնիսկ նկատողություն չի ստացել, պարասխանատվություն չի կրել»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։
Ըստ նրա՝ առաջիկայում հրատարակվելիք դասագրքերն էլ հավանաբար այնքան աղմկահարույց ու խնդրահարույց կարող են լինել, ինչպես Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագիրքն է։
Խնդիրն այն է, որ մեր երկրում այժմ դասագրքերի ստեղծման գործընթացին բազմաթիվ մասնագետներ չեն մասնակցում, ինչպես նախկինում էր: Բացի այդ՝ ուսուցիչներն էլ որեւէ կերպ ներգրավված չեն այդ գործընթացին, նրանք նախապես դասագրքերն ուսումնասիրելու, դիտարկումներ ու դիտողություններ անելու, կարծիք հայտնելու հնարավորություն չունեն։
Նախկինում դասագրքի հեղինակը մեկ անձ չէր, մասնագետների խումբ էր աշխատում, եւ դասագրքի յուրաքանչյուր հատված մասնագիտական խմբի կողմից փորձաքննություն էր անցնում։
Կրթության փորձագետը հիշեցնում է՝ նախորդիվ Տավուշի մարզում փորձարկվել են կրթական նոր չափորոշիչները, եւ ուսուցիչների բողոքներն ու դիտարկումները հաշվի չառնվեցին դրանք Հայաստանի մյուս դպրոցներում ներդնելիս։
«Այսինքն՝ կան գործընթացներ, որոնք ուղղակի ցույց տալու համար են արվում։ Հիմա նույն բանը դասագրքերի պարագայում է։ Նոր դասագրքեր են գրվելու առանց փորձարկման, առանց ուսուցիչների կարծիքը հաշվի առնելու: Դրանք առանց մասնագիտական փորձաքննության ներդրվելու են կրթական համակարգում։ Կրթության համակարգը չի սիրում անկայունություն։ Ավելի լավ էր՝ բարեփոխումներ չլինեին, եթե պիտի լինեին այսպիսի «բարեփոխումներ»»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։
Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի շախմատի ուսուցչուհի Սոնա Վարդանյանն ասում է՝ 2-րդ դասարանում դասագրքերի բացակայության պարագայում երեխաները դժվարանում են, ուսուցչի գործն էլ բարդանում է։ Այդ դասարանում երեխաները նոր են անցնում տվյալ առարկան եւ նոր-նոր սկսում են շախմատ խաղալ սովորել, իսկ գրքի բացակայությունը, իսկապես, շատ է խանգարում։ Մի խնդիր էլ․ եթե նախորդ տարիներին 2-րդ դասարանում շաբաթական երկու դասաժամ էր «Շախմատ» առարկայից, ապա այժմ մեկն է։ Մեկ դասաժամի ընթացքում երեխաները պիտի երկու թեմա յուրացնեն։
Ուսուցչուհին գոհ է, նոր դասագիրքը հաջողված է։ Դրա առցանց տարբերակը կա, երեխաները կարող են առցանց էլ օգտվել գրքից, բայց նրանց տանը պիտի ծնողներն օգնեն։
«Դասաժամի ընթացքում փորձում եմ հնարավոր բոլոր միջոցներով լրացնել դասագրքի պակասը․ նյութեր ենք բազմացնում, բաժանում երեխաներին, բացի այդ՝ բարեբախտաբար, այս առարկայի պարագայում գոնե հատուկ տետրեր կան, որոնցում խնդիրներ կան։ Դրանք մի քիչ մեղմում են դասագրքի բացակայության հարցը։ Հուսանք՝ նոր գրքերը շուտով կլինեն, իսկ մինչ այդ ծնողները պիտի հետեւողական լինեն, գրքի առցանց տարբերակից օգտվեն, որ դպրոցում սովորածը տանը ամրապնդվի»,- մանրամասնում է ուսուցչուհին։
Հինգերորդ դասարանում սովորող Աստղիկը դժգոհ է, որ որոշ առարկաներից դասագրքեր չկան։ Ասում է՝ երբեմն նյութերը խառնվում են կամ նույնիսկ կորչում, իսկ եթե դասագիրք լինի, ավելի հեշտ կլինի․ բոլոր թեմաները մի գրքի մեջ կլինեն, ոչ թե տարբեր անգույն թղթերի, որոնցում պատկերները միայն սեւ ու սպիտակ են։
«Երբեմն կարիք է լինում հին դասերը կրկնելու, փորձում եմ որոնել թղթերի մեջ։ Մայրիկս տանն օգնում է, թղթերը դակիչով ամրացրել է, գունավոր թղթեր ամրացրել դրանց վրա, նշումներ արել, որ հեշտությամբ գտնեմ»,- ասում է Աստղիկը։
«Ալիք Մեդիա»-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ԿԳՄՍ՝ փորձելով պարզել՝ որ փուլում է դասագրքերի ստեղծման գործընթացը, եւ երբ երեխաները դասագրքեր կունենան։ Առաջիկայում կգրենք նաեւ այդ մասին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։