Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են «ոչ բարեկամ» երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը՝ ի պատասխան Արեւմուտքում նախապատրաստվող 300 միլիարդ դոլարի պահուստների բռնագրավման։ Դրա մասին հայտնել է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության ու Կենտրոնական բանկի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին։
Մեկ այլ պատասխան, ըստ գործակալության զրուցակիցներից մեկի, կարող է լինել Ռուսաստանում արգելափակված արեւմտյան ակտիվների բռնագրավումը:
Ոչ պաշտոնական զրույցներում ռուս պաշտոնյաները խոստովանում են, որ ՌԴ պաշարները գործնականում կորսվել են։
«Սրտի խորքում բոլորն արդեն հրաժեշտ են տվել պահուստներին»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը: Եվս երկու ռուս պաշտոնյայի կարծիքով՝ Մոսկվան ենթադրում է, որ եվրոպական երկրները կենթարկվեն ԱՄՆ-ի ճնշմանը, եւ Ռուսաստանի իշխանությունները հազիվ թե կարողանան կանխել բռնագրավումը։
Չնայած դրան՝ Ռուսաստանը ցանկացած դեպքում հայց կներկայացնի, Reuters-ին հայտնել է աղբյուրը. «Դա անպայման տեղի կունենա: Դա նման է ծիսակարգի: Մենք ինքներս հրաժարական չենք տալու, մենք պայքարելու ենք»,- ասել է ռուս պաշտոնյաներից մեկը։