«Ռոբուստա» սուրճի գները 2024-ի սկզբից աճել են 11%-ով, իսկ 2023-ի նոյեմբերի սկզբից՝ 36%-ով՝ Կարմիր ծովում բեռնափոխադրումներին առնչվող խնդիրների պատճառով: «Ռոբուստա» սուրճի ամենահայտնի տեսակներից մեկի մատակարարումների մեծ մասն առաքվում է Սուեզի ջրանցքով: Հութիներին առնչվող խնդիրներն ավելի սրընթաց են դարձրել «Ռոբուստա» սուրճի գնի աճը, 2023 թվականի սկզբից ICE բորսայում այն թանկացել է գրեթե 77%-ով։
«Ռոբուստա» սուրճի գները հունվարի 19-ին եղել են 3063 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ դրանից երկու օր առաջ՝ հունվարի 17-ին, բորսայում մարտի համար պայմանագիրը կնքվել է մեկ տոննայի դիմաց 3170 դոլարով: Դեռեւս 2023 թվականին «Ռոբուստայի» արժեքը կտրուկ բարձրացավ ցածր եկամտաբերության պատճառով: Վերլուծաբանները պնդում էին, որ աճող պահանջարկը, եղանակային անբարենպաստ պայմանները եւ պարարտանյութի գնի աճը թույլ չեն տա, որ գներն իջնեն գոնե գալիք տարում: Կարմիր ծովում առեւտրային նավերի վրա հութիների հարձակումները միայն վատթարացրին իրավիճակը։
Անցյալ տարի Վիետնամը հավաքել էր վերջին չորս տարվա ընթացքում սուրճի ամենափոքր բերքը, քանի որ պարարտանյութի թանկացումը ֆերմերներին ստիպել էր աճեցնել ավելի շահավետ մշակաբույսեր, ինչպիսիք են ավոկադոն եւ դուրիանները: Սուրճի երկրորդ խոշոր արտադրող Բրազիլիայում բերքի վրա ազդել է երաշտը, իսկ Ինդոնեզիայում, հակառակը, բերքատվությունը նվազեցրել են հորդառատ անձրեւները։
Հութիների հարձակումները վերջերս խաթարեցին Վիետնամի սուրճի արտահանման առանցքային երթուղին, ինչը բեռնափոխադրողներից շատերին ստիպեց անցնել ավելի երկար երթուղիներով: Արդյունքում գնորդները սկսել են խուսափել վիետնամական «Ռոբուստա» արտադրողների հետ առնչվելուց: Պատճառը առաքման ծախսերի աճն է եւ տարանցման սովորականից ավելի երկար ժամանակը: Ընդ որում՝ Բրազիլիան չի կարող փոխարինել Վիետնամին սուրճի մատակարարումներով, քանի որ Վիետնամն արտադրում է «Ռոբուստայի» համաշխարհային ծավալների ավելի քան մեկ երրորդը:
«Արաբիկա» սուրճի հատիկները մոտավորապես երկու անգամ ավելի թանկ են, քան «Ռոբուստայինը», ինչը բացատրվում է դրա ցածր բերքատվությամբ, տեսակի քմահաճությամբ եւ մշակման բարդությամբ: Սովորաբար սուրճը բովողները ստեղծում են «Արաբիկայի» եւ «Ռոբուստայի» խառնուրդներ եւ ոչ միայն դրանք ավելի էժան դարձնելու համար: «Ռոբուստան» ունի կոֆեինի բարձր պարունակություն: Դա հնարավորություն է տալիս պատրաստելու խառնուրդներ, որոնք համատեղում են «Արաբիկայի» բույրը եւ «Ռոբուստայի» կազդուրիչ ազդեցությունը: Միեւնույն ժամանակ, իհարկե, «Ռոբուստայի» հավելումը սուրճն ավելի էժան է դարձնում, դրա համար էլ արտադրողները սուրճի խառնուրդում ներառում են այս տեսակի հատիկների մինչեւ 50%-ը։