Գլոբալ տաքացումը կարող է հավերժական սառույցից ազատել վիրուսներ, որոնց մարդկային իմունային համակարգը դեռ չի բախվել, ինչը հղի է հիվանդությունների լայնամասշտաբ բռնկումներով: Դրա մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Էքս-Մարսելի համալսարանի բժշկական ֆակուլտետի գենետիկ, պրոֆեսոր Ժան-Միշել Կլավերիին։
Գիտնականների մտահոգությունը կապված է Արկտիկայի եւ Սիբիրի մշտական սառույցներում «պահածոյացված» «զոմբի վիրուսների» շտամների հետ: Ըստ Կլավերիի՝ համավարակի սպառնալիքի վերլուծությունն այժմ կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնք կարող են բռնկվել Արկտիկայի հարավային շրջաններում, այնուհետեւ տարածվել հյուսիսում:
Պոտենցիալ բռնկումը, որը կարող է ծագել հեռավոր հյուսիսում, այնուհետեւ տարածվել հարավում, քիչ ուշադրության է արժանացել, նշում է գենետիկը՝ այն անվանելով անփութություն: «Այնտեղ կան վիրուսներ, որոնք կարող են վարակել մարդկանց եւ առաջացնել նոր բռնկում»,- հավելել է Կլավերին:
Նրա կարծիքը պաշտպանում է Նիդերլանդների Ռոտերդամի Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի վիրուսաբան Մարիոն Քուփմանսը։
«Մենք չգիտենք, թե ինչ վիրուսներ են թաքնված հավերժական սառույցի մեջ, բայց ես կարծում եմ, որ իրական վտանգ կա, որ դրանցից մեկը կարող է առաջացնել հիվանդության բռնկում, ասենք, պոլիոմիելիտի հնագույն ձեւը»,- նշել է գիտնականը:
2014 թվականին Կլավերին ղեկավարել է գիտնականների խումբը, որոնք ուսումնասիրել են սիբիրյան հավերժական սառույցում հայտնաբերված վիրուսները եւ պարզել, որ դրանք կարող են վարակել միաբջիջ օրգանիզմներին: Հետագայում հետազոտողների խումբը, նրանց թվում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտի եւ Մելնիկովի հավերժական սառածաբանության ինստիտուտի գիտնականները, վերլուծել են Սիբիրյան մշտական սառույցի տարբեր շրջաններից բերված յոթ նմուշ: Նրանք կարողացել են բացահայտել 13 հսկա ԴՆԹ վիրուս, որոնցից ամենահինը 48,5 հազար տարեկան է։
Ըստ Կլավերիի՝ առանձնացած վիրուսները մարդկանց համար վտանգավոր չէին եւ ունակ էին միայն վարակելու ամեոբաներին։ «Սակայն դա չի նշանակում, որ այլ վիրուսները, որոնք ներկա պասհին ամփոփված են հավերժական սառույցի մեջ, չեն կարող մարդկանց մեջ հիվանդություն առաջացնել»,- ընդգծել է նա։
Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են ջրծաղիկի եւ հերպեսի վիրուսների գենոմային հետքեր, որոնք ախտածին են մարդկանց համար։
Կլավերին հավելել է, որ անմիջական վտանգը ոչ այնքան հավերժական սառույցի հալեցումն է, որքան Արկտիկայի ծովի սառույցի անհետացումը։ Դա կհանգեցնի նրան, որ բեռնափոխադրումների ծավալները կմեծանան, ինչն իր հերթին կզարգացնի արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը:
«Այս գործողությունները կհանգեցնեն հսկայական քանակությամբ պաթոգենների արտազատմանը: Հանքափորները կիջնեն ու կշնչեն այդ վիրուսներով հագեցած օդը։ Հետեւանքները կարող են աղետալի լինել»,- ասում է Կլավերին:
Պրոֆեսորը հավելել է, որ մարդկային իմունային համակարգը, հնարավոր է, նախկինում երբեք չի առնչվել որոշ վիրուսների հետ: Իր ամենախոր մակարդակներում հավերժական սառույցը կարող է պարունակել մինչեւ մեկ միլիոն տարեկանի հասնող վիրուսներ:
Այս առումով հետազոտողները Արկտիկայի համալսարանի հետ նախատեսում են հետեւել հիվանդության դեպքերին վաղ փուլում, ինչպես նաեւ ստեղծել կարանտինային հաստատությունների ցանց՝ հիվանդներին տեղում բուժելու եւ վարակների տարածումը կանխելու համար: