Երեւանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Ընդ որում՝ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները կարձագանքեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող, այլ միայն առաջին բուժօգնություն պահանջող դեպքերին։
Դրա մասին հունվարի 22-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: Նա հավելել է, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչի շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալներով՝ Երեւան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում անհրաժեշտ է 53-55 շարժակազմ, մինչդեռ Երեւանում աշխատում է 43 շարժակազմ: Ըստ Կարապետյանի՝ քաղաքապետարանի առողջապահության վարչությունը շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին:
Անդրադառնալով ուշացումներին՝ պաշտոնյան հայտնել է, որ 19 հազար 595 կանչից ուշացումով է եղել 9,5 տոկոսը կամ 1829-ը։ Ըստ Դավիթ Կարապետյանի՝ ուշացումներ հիմնականում լինում են երեկոյան ժամերին` քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով։