Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չեղարկման հարցը։
«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պատվիրակության կողմից պարտավորությունների չկատարման, ինչպես նաեւ համագործակցության բացակայության էական հիմքերով»,– նշված է վեհաժողովի X–ի գրառման մեջ զետեղված հաղորդագրության մեջ: Վեհաժողովը հարցի վերաբերյալ որոշում կընդունի հունվարի 24–ի երեկոյան` քննարկումներից հետո:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` երկրի դեմ պաշտոնական բողոք կլինի, քանի որ փետրվարին անցկացվելիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաեւ առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մուտք գործել բռնազավթված Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցք։