2013 թվականի հունվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունենում սիսիանցիների հետ եւ ասում, որ ուզում է նորից նախագահ աշխատել. «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու»։
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացահայտում է պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման մեջ թաքնված ականը: Իշխանություններն, ըստ նրա, հայտարարել են, որ իրենք ներդնում են համակարգի չիլիական տարբերակը: «Չիլիում առաջին թոշակառուները սկսել են կուտակայինով թոշակ ստանալ։ Եվ ի՞նչ։ Տրամադրված թոշակը կազմել է աշխատավարձի ոչ թե 70 տոկոսը (ինչպես խոստացել էին), այլ 39 տոկոսը։ Իսկ կանանց համար՝ 14 տոկոսը։ Մարդկանց քցել են»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գտնում է «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը վճարելու ձեւը՝ վաճառել գործարանի գույքն ու վճարել: Նաիրիտցիները ցնցված են նախարարի ցինիզմից. «Ինչպե՞ս է հնարավոր վաճառքի հանել անգամ մեկ սարքավորում, երբ ամբողջ գործարանի ունեցվածքը վաղուց արդեն գրավադրված է բանկերում»։
Երեւանում մեծ աղմուկ է բարձրացնում Արամի 30 շենքի գիշերային ապամոնտաժումը: Սեփականատեր Ավո Կարագուլյանն ազնվորեն ասում է, թե ինչու է գիշերը քանդել պատմական շինությունը. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»:
Ռուսաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» կվաճառի, ինչպես դա արեց ՀՀ-ի դեպքում: ««Իսկանդեր»-ը օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր է, որը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես տարածաշրջանում հավասարակշռության ապահովման երաշխիք»։
Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի իշխող ՀՀԿ-ի առաջադրած Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, որի հետ պատրաստվում են հանդիպելու եւ խոսելու: «Գրեթե վստահ եմ, որ էդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա»,- ասում է ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղում հունվարի 16-ից Արցախում ընթացող Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովին եւ հայտարարում, որ պատրաստ է համագործակցելու: «Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում կարեւոր իրադարձություն էր ողջ հայության եւ հատկապես Հայաստանի եւ Արցախի քաղաքական կյանքում»։
Ռուսաստանն անկեղծորեն հայտարարում է, որ այսօր «ռուս-հայկական հարաբերություններ» եւ «Նիկոլ Փաշինյան» հասկացությունները չեն նույնացվում: «ՀՀ վարչապետն ուղիղ դիմում է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին, որ իրեն օգնեն՝ բացահայտի ինչ-որ «գաղտնիք», որը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երկրից պետական ակտիվների անօրինական դուրսբերմանը: Ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ին ներգրավել Երեւանի, այդպես նաեւ՝ ավտոմատ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական գաղտնիքներում»,- դժգոհում է ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին ամենեւին դուր չի գալիս, թե ինչպես է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՀՀԿ-ին, ուստի ինքն էլ նրան կվատաբանի՝ հիշելով 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած մի դրվագ. «Երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում եւ վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ»:
ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակում է արտահերթ զեկույց, ըստ որի՝ մարդիկ հոգեբուժարաններում պահվում են հակառակ իրենց կամքի։ «Մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ մարդիկ մշտապես գտնվում են հոժարակամ: Ավելին՝ մենք ուսումնասիրել ենք փաստաթղթերը, վեր ենք հանել միեւնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ»,- տեղեկացնում է պարոն Թաթոյանը։
Աշխարհի 20-րդ ռակետ, հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո աջակցության խոսքեր է գրում՝ ուղղված Ղարաբաղին: «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ․ Արցա՛խ, դիմացի՛ր»,- առաջնության ուղիղ եթերի տեսախցիկի վրա գրում է Խաչանովը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: