Միչիգան-Դիրբոռն համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արա Սանջյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում «Հայաստանի պատմություն» առարկա դարձնելու փորձին: Պրոֆեսորը նշում է, որ «Հայոց պատմությունը» որպես «Հայ ժողովրդի՞ պատմություն» թե՞ «Հայաստանի պատմություն» ընկալելու ձեւական երկընտրանքն առաջացավ միայն այն ժամանակ, երբ գրաբարը որպես գիտական լեզու փոխարինվեց աշխարհաբարով։
«Գրաբարի պարագային, հայոց=«հայք»-ի պատմութիւնը կարելի է հաւասարապէս հասկնալ իբրեւ ե՛ւ հայերու, ե՛ւ Հայք երկրի (հայերի երկիր, հայերով բնակեցուած երկիր, Հայաստան) պատմութիւն՝ քանի որ «հայք» բառը գրաբարի մէջ միաժամանակ ունէր այդ երկու իմաստները՝ յոգնակերտ մասնիկ եւ վայր ցոյց տուող ածանց»,- գրում է պրոֆեսորը։
Այնուհետեւ նա հավելում է՝ քանի որ հայերենում երկար ժամանակ մեծատառերի եւ փոքրատառերի միջեւ տարբերություն չկար, եւ նույնիսկ այն բանից հետո, երբ մեծատառերը սկսեցին գործածվել, դրանց գործածությունը երկար ժամանակ կանոնակարգված չէր, «Հայք» կամ «հայք» բառի օգտագործումը երբեմն կարող էր երկիմաստություն առաջացնել։
Սանջյանը նշում է, որ այս խնդրին բախվում են թարգմանիչները գրաբարյան բնագրերն աշխարհաբարի վերածելիս եւ առավել եւս դրանք այլ լեզուներով թարգմանելիս։ Նախադասություններում ենթատեքստը սովորաբար որոշում է, թե որ տարբերակին պետք է հետեւի տվյալ հոդվածը: «Բայց երբ երկի մը խորագիրը չունի աւելի լայն անմիջական համատեքստ եւ չի յստակացներ թէ ի՛նչ ընկալում ունեցած է այդ երկին հեղինակը կամ որոշ պարագաներու՝ թերեւս մինչ այդ անխորագիր այդ երկին յետագայ խորագիր մը տուած գրիչը, այդ «հայք»-«հայոց» բառի թարգմանութեան հարցը ենթակայ կը դառնայ թարգմանիչին նախընտրութեան։ Երկու ձեւերուն ալ դիմած հայագէտներ եղած են՝ գրաբարեան բնագրերը աշխարհաբարի փոխադրելու եւ յատկապէս՝ օտար լեզուներու թարգմանելու ժամանակ»,- ընդգծում է պրոֆեսորը։
Ըստ Սանջյանի՝ աշխարհաբարի վերածումից հետո դպրոցական դասագրքերի կազմին շարունակ երեւացող «հայոց պատմությունը» ավելի շատ միջնադարյան ավանդույթի շարունակությունն է, քան նոր ժամանակների գիտակցված ընտրությունը։
Նա նշում է, որ միաժամանակ անհրաժեշտ է պարզել՝ ինչու եւ ինչպես խորհրդային տարիներին, ավելի ստույգ՝ 1938 թվականից սկսած, առաջ եկավ եւ պարտադրվեց «Հայ ժողովրդի պատմություն» տարբերակը։ Խորհրդային բոլոր հանրապետությունների մեջ Հայաստանը միակն էր, որի ազգային պատմությունը տիտղոսավոր ժողովրդի, ոչ թե հանրապետության անունով էր։
Պրոֆեսորը հիշում է, որ գորբաչովյան վերակառուցման տարիներին, երբ ինքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող էր, «Հայ ժողովրդի պատմության ամբիոնը» վերանվանվեց «Հայոց պատմության ամբիոն»։ Այդ փոփոխությունը ուսանողներին ներկայացվել է որպես համաժողովրդական շարժման ալիքի վրա կատարված բարեփոխումներից մեկը։
Իսկ այն հեղինակները, որոնք փորձել են կազմել վերջին երկու դարերի ընթացքում Հայաստանի համընդհանուր պատմությունը ներկայացնող (survey, обзор) հայերեն կամ օտարալեզու աշխատություններ, ըստ Սանջյանի՝ նրանց թվում շատ են ե՛ւ «Հայաստանի պատմություն» ե՛ւ «Հայոց» կամ «Հայ ժողովուրդի պատմություն» հրատարակածները:
«Առաջին խումբին մէջ են Tournebize, Ադոնց, Grousset, Փաստրմաճեան, Քիւրքճեան, Փայասլեան, Mahé եւ ուրիշներ, երկրորդին մէջ՝ Գարագաշեան, Չագմագճեան, de Morgan, Լէօ, Բասմաջեան, Յարութիւն Աստուրեան, Տէտէեան, Իշխանեան, Բուռնութեան եւ այլք։ (Այստեղ պրոֆեսորը ներառել է խորհրդային տարիներին «Հայ ժողովրդի պատմություն» վերնագրով գրքերը։) Քիչ թէ շատ ծանօթ ըլլալով նշուած աշխատութիւններուն, անոնց մէջ բովանդակային կամ գաղափարական արմատական տարբերութիւններ չեմ նկատած՝ կապուած գիրքի խորագրին համար անոնց հեղինակներուն ընտրած տարբերակին հետ՝ Հայաստանի՞ թէ՞ հայոց կամ հայ ժողովուրդի պատմութիւն»,- հավելում է պրոֆեսոր Սանջյանը։
Ինչ վերաբերում է հայերեն գրելուն, պրոֆեսորը նշում է, որ ինքն անձամբ նախընտրում է «Հայոց պատմություն» տարբերակը, քանի որ դա առաջին հերթին 1500-1600 տարվա ավանդույթն է, որը դեռ կիրառելի է։ Երկրորդ, քանի որ այն ունի երկրի եւ ժողովրդի համադրման երկիմաստություն, որն այս օրերին կարող է ընդգրկել մեր պատմությունը եւ նրանց, ովքեր ցանկանում են տեսնել մեր ազգային/էթնիկ բնօրրանի եւ աշխարհասփյուռ մեր ազգակիցների նախնիների պատմությունը: «Ինքնութիւնները երբեք միաձոյլ չեն եղած. հայութեան մէջ եւս ինքնութեան տարբեր երեսակներու այլազան շեշտադրումները նոյնպէս բնական են»,- նշում է Սանջյանը։
Հակառակ դեպքում, պրոֆեսոր Սանջյանի խորին համոզմամբ, առանց այս բարենպաստ երկիմաստության թե՛ «Հայ ժողովրդի պատմությունը», եւ թե՛ «Հայաստանի պատմությունը» վտանգ ունեն մեր տեսադաշտից դուրս մղելու ժամանակակից հայ ինքնության եւ իրականության կարեւոր ազդակները։
Նա շեշտում է, որ «Հայ ժողովրդի պատմություն» տարբերակը կարող է աննկատելիորեն դուրս թողնել տարբեր ժողովուրդների, մեր այսօրվա բառապաշարով՝ ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչներին, որոնք ապրել են անցյալում կամ ապրում են ներկայում՝ հին ու ժամանակակից հայկական պետությունների սահմաններում, կամ նրանք, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ապրել են հայության բնօրրանում՝ հայերի հետ կողք կողքի, միժամանակ հայաստանաբնակ հայերի հետ կրել տարբեր մեծ կայսրությունների վարած քաղաքականության հետեւանքները։
Պրոֆեսոր Սանջյանը զգուշացնում է, որ «Հայաստանի պատմության» տարբերակը կամա թե ակամա կստեղծի Հայաստանի ճշգրիտ սահմանների որոշման խնդիր, մանավանդ որ Հայկական լեռնաշխարհի եւ նրա սահմանակից շրջանների հայաբնակ տարածքները պատմության ընթացքում մասնակի փոփոխություններ են կրել:
«Ալ չբարձրացնենք այստեղ Կիլիկիոյ, Ս. Ղազար կղզիի, Վիեննայի, Երուսաղէմի, Կ. Պոլսոյ, Թիֆլիսի, Նոր Ջուղայի, Մատրասի եւ Հայկական Լեռնաշխարհէն դուրս հայկական ներկայութեան խնդիրը, որ բազմաբնոյթ կապեր ունեցած է (եւ երբեմն ալ անմիջականօրէն չէ ունեցած) Հայաստանի պատմական տարածքին հետ եւ որ առանց անոնց ներդրման այսօր կարելի չէ պատկերացնել ե՛ւ հայոց պատմութիւն, ե՛ւ Հայաստանի պատմութիւն»,- գրում է պրոֆեսորը։
Այնուհետեւ Սանջյանը հարց է տալիս, որն էլ մեր հերթին ուղղում ենք ՀՀ կառավարությանը.
Իսկ եթե «Հայաստանի պատմությունը» տարածքի ու նրա բնակչության պատմությունն է, ապա նույն տարածքի որոշ հատվածների պատմությունը, հայաթափվելուց հետո, կներառվի՞ արդյոք այս պատմության մեջ։