Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է հերքել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի «անհիմն մեղադրանքները»։
Բորելը նախօրեին հայտարարել էր, որ Եվրամիությունում խիստ մտահոգված են Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով եւ կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Բորելը միաժամանակ զգուշացրել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է եւ լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա:
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը «Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է», «երկակի ստանդարտների կիրառում», որն էլ ավելի է սրում Ադրբեջանի եւ ԵՄ-ի հարաբերությունները: «Բացի Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայացքների լիակատար խեղաթյուրումից՝ Բարձր ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում եւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե Բաքուն միշտ «հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը, սակայն վճռականորեն կխոչընդոտի իր ազգային շահերի դեմ ցանկացած հավակնության եւ սպառնալից արտահայտություններն օրինականացնելու փորձերը»: