Ռուսաստանի բնակիչները 2023-ին գնել են 229,5 միլիոն դեկալիտր ոգելից խմիչք: Ընդ որում՝ այս վիճակագրության մեջ ներառված չեն գարեջուրը, գարեջրային խմիչքները եւ խնձորօղի: Սա 4,1 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին, երբ ռուսաստանցիներն օգտագործել էին 220,4 միլիոն դեկալիտր ոգելից խմիչք: Այս ցուցանիշն իր հերթին 3,6 տոկոսով ավելի է, քան դրանից մեկ տարի առաջ։
Росалкогольтабакконтрол-ի տվյալներով՝ 2023-ին աճել է ինչպես թունդ ալկոհոլային խմիչքների (կոնյակ, վիսկի, ջին, ռոմ), այնպես էլ ցածր ալկոհոլային ապրանքների վաճառքը։ Գինու վաճառքի աճը 2023 թվականին 2022-ի համեմատ եղել է 5,8%, իսկ փրփրուն գինու համեմատ` 8,3%:
Օղու սպառումը նույնպես կայուն է մնում։ 2023 թվականին ռուսական խանութներում այս խմիչքի վաճառքը հասել է 75,6 միլիոն դեկալիտրի՝ 2022 թվականի համեմատությամբ նվազելով ընդամենը 0,8 տոկոսով, երբ ռուսները գնել են 76,2 միլիոն դեկալիտր, ինչը գրեթե 6 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
Միաժամանակ, Ռուսաստանում ալկոհոլային կախվածություն ունեցողները ռեկորդներ են գրանցում: Այստեղ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է ալկոհոլային կախվածություն ախտորոշմամբ քաղաքացիների թվի աճ: Դրա մասին են վկայում «Ռոսստատի» տվյալները՝ ըստ դեկտեմբերի վերջին հրապարակված «Առողջապահությունը Ռուսաստանում-2023» ժողովածուի։
«Ռոսստատի» տվյալներով՝ 2010-2021 թվականներին ալկոհոլային կախվածություն ախտորոշմամբ հիվանդների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Եթե 2010-ին եղել է 153,9 հազար (որից 47,5 հազարը ալկոհոլային փսիխոզ է ունեցել), ապա 2021-ին այդ ցուցանիշն իջել է 53 հազարի (12,8 հազարը՝ փսիխոզով)։
Այնուամենայնիվ, 2022 թվականին ալկոհոլային կախվածության ախտորոշման դեպքերը երկար ժամանակ առաջին անգամ աճել են՝ հասնելով 54,2 հազարի (12,9 հազարը՝ փսիխոզով)։