Թուրքիայի նախագահը դիտարկում է Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների պատճառով Իսրայելի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Պատժամիջոցները ներառում են Իսրայելի բացառումը Թուրքիայի արտահանման ուղղությունների ցանկից։
Ըստ The Jerusalem Post-ի՝ այս որոշման էական հետեւանքն այն է, որ Թուրքիան կդադարեցնի առեւտրի սուբսիդավորումը եւ Իսրայելի հետ առեւտրով զբաղվող ձեռնարկություններին աջակցությունը:
«Բացի դրանից՝ դա հստակ ազդանշան է ուղարկում թուրք ձեռնարկատերերին, որ պետական օգնություն չի տրամադրվի, եթե նրանք որոշեն առեւտրով զբաղվել Իսրայելի հետ»,- նշում է իսրայելական պարբերականը:
Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչով չի տարբերվում Ադոլֆ Հիտլերից, եւ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները համեմատել է հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների վերաբերմունքի հետ: Ըստ Reuters գործակալության՝ Էրդողանը բազմիցս քննադատել է Արեւմուտքին՝ Իսրայելին աջակցելու համար: