2013-ի հունվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունենում Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այստեղ նա հպարտանում է հայոց բանակով՝ վատ չենք աշխատել. «Տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթե երաշխիք, եւ այդ երաշխիքը Հայկական բանակն է»։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը Էրեբունի համայնքում է։ Այստեղ նա մի վարսավիրանոց է մտնում մազերը կտրելու։ Կողքից վարսավիրին հուշում են, թե ում հետ գործ ունի. «Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում»։
Սերժ Սարգսյանը օրերս ծավալված Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան տնտեսական սուր բանավեճում կանգնում է վարչապետի կողքին։ «Նախագահն անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երեւույթների մասին ինքնանպատակ բանավեճը»,- տեղեկացնում է նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանց անուններ տալու հանկարծ խոսում է Հայաստանում քաղաքական մենաշնորհի մասին։ Սակայն նա զգուշացնում է իշխանություններին. «Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատմամշակութային ոչինչ չի տեսնում հին Երեւանի մասնիկ համարվող, օրերս ոչնչացված Արամի 30 հասցեում գտնվող շենքի մեջ. «Ուզում եք՝ մի օր եկե՛ք, ես հատիկ-հատիկ թվարկեմ՝ տուրիստներին ինչ կարող ենք ցույց տալ»։
Իշխանությունը զվարճանում է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դառնալու ծրագրերի վրա։ «20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն»,- ասում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին կարգին զվարճացրել են վերջին օրերի գնաճի շուրջ իշխանության արդարացումները, թե աղքատներն այսպես թե այնպես միս չեն ուտում, ուտում են կարտոֆիլ։ «Կարագը թանկացել ա, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք»,- տեղեկացնում է «Ելք» խմբակցության ղեկավարը։ Իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանի ամիբիոնից ամենայն լրջությամբ պարզաբանում է, թե ինչու է Հայաստանում կարագը թանկացել միանգամից 41 տոկոսով. «Կարագի էն վնասակարությունը, որի մասին մինչեւ հիմա խոսում էին ամբողջ աշխարհում՝ խոլեստերինի հետ կապված, առողջապահության եւ այլն, էնքան էլ ճիշտ չի գնահատվել։ Դրա հաշվին ավելացավ կարագի պահանջարկը»։
Հեղափոխական իշխանությունը չեղյալ է համարում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին վերաբերող հերթական միֆը։ «Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել»,- հայտարարում է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնում է սուպերվարչապետությանը, որն ամրագրված է Սահմանադրությամբ. «Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է»։
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները ոգեւորությամբ են ընդունում լուրերը, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի պատճառով դեպի Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հանվել հայաստանցիների համար։ «Հիմա իմ երեխաները այնտեղ են, ուզում են մարդ տանեն, աշխատացնեն, չեն կարողանում»,- դժգոհում է գյուղացիներից մեկը։ Մյուսն արդեն համարյա յոթերորդ երկնքում է այդ լուրերից. «Կարդացել եմ Facebook-ում, աշխատանքի առաջարկ կա, բացվի, գնալու ենք: Առանց խոպան հնարավոր չէ, շատ դժվար է»։
Հրաժարական է ներկայացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հրաժարականի տեքստում նա դժգոհում է, որ պետական որոշումների վրա իշխանություն չուներ. «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք»։
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տալիս BBC-ի Hard Talk ծրագրին: Բրիտանացի լրագրողն ուզում է իմանալ՝ կդատապարտի՞ պարոն Վարդանյանը Պուտինի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ. «Այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: