Հոլոքոստը վերապրած հրեաների թիվը ներկա դրությամբ 245 հազար է ամբողջ աշխարհում։ Այս վիճակագրությունը հրապարակել է Հրեական պահանջատիրության կոնֆերանսը (JCC):
1933-1945 թվականներին նացիոնալ-սոցիալիստներն ամբողջ Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում սպանել են գրեթե վեց միլիոն հրեաների: Ըստ JCC-ի՝ նրանց մեծամասնությունը, ովքեր կարողացել են գոյատեւել այս սարսափելի ժամանակներում, այսօր ապրում են Իսրայելում եւ ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար 119 հազար 300 մարդ (Հոլոքոստը վերապրած հրեաների ընդհանուր թվի 48,8%-ը) եւ 38 հազար 400 մարդ (15,7%-ը): Ներկայում ԱՄՆ-ում բնակվող հրեաների մեծ մասը հաստատվել է Նյու Յորք նահանգում:
Գերմանիայում կա մոտավորապես 14 հազար 200 հրեա, որոնց հալածել է նացիոնալ-սոցիալիստական ռեժիմը: Համեմատության համար՝ Ֆրանսիայում նրանց թիվը 21 հազար 900 է։ Սա Եվրոպայի ամենամեծ հրեական գաղութն է։
Ինչպես նշել է ՀՊԿ ղեկավար Գիդեոն Թեյլորը, Հոլոքոստը վերապրած հրեաների մոտ մեկ հինգերորդը ներկայում 90 տարեկանից բարձր է եւ կողմնակի օգնության եւ խնամքի կարիք ունի:
ՀՊԿ հաշվետվության տվյալները կազմվել են 2023-ի օգոստոսին։ Այն ժամանակ հարցվածների մեծ մասը (41,2%) 81-85 տարեկան էին։ Սա նշանակում է, որ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել Հոլոքոստը, նրանք եղել են 4-8 տարեկան։ Այսօր Հոլոքոստի կենդանի ականատեսների միայն 5,3%-ն է 96 տարեկանից բարձր: Այսպիսով՝ 1946 թվականին այդ մարդիկ 19-36 տարեկան էին։
Jewish Claims Conference-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնված է Նյու Յորքում, մասնաճյուղեր ունի Գերմանիայում եւ Իսրայելում: Կազմակերպությունը 1952 թվականից՝ հիմնադրման օրվանից բանակցություններ է վարում Գերմանիայի հետ՝ Հոլոքոստի զոհերի փոխհատուցման շուրջ: ՀՊԿ-ն ստեղծվել է 23 խոշոր միջազգային հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ։