Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն պայմանավորվել են, որ պատանդների գործարքը կներառի մեկամսյա հրադադար: Կողմերը չեն պայմանավորվել, թե ինչ կլինի հետո։ Դրա մասին հունվարի 24-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր երեք անանուն բարձրաստիճան աղբյուրներին։ Կողմերի հիմնական տարաձայնությունները վերաբերում են զինադադարից հետո ռազմական գործողությունների շարունակմանը։
Աղբյուրները նշում են, որ վերջին շաբաթներին սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Կատարի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերի շրջանակում: Մեկամսյա զինադադարի ընթացքում իսրայելցի պատանդները փուլ առ փուլ կազատվեն պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման եւ մարդասիրական օգնության ավելացման դիմաց։
Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է գերեվարված քաղաքացիական կանանց եւ երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ հնարավոր համաձայնության պատրաստակամության մասին:
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը նշում է, որ նման նախաձեռնությունը նշանակալի տեղաշարժ է ՀԱՄԱՍ-ի կողմից, որը մի քանի շաբաթ շարունակ պնդել է, որ պատանդների հարցով բանակցություններ կվարի միայն հրադադարի մասին համապարփակ համաձայնագրի շրջանակում:
Ըստ պարբերականի՝ իսրայելցի պաշտոնյաներն իրենց եգիպտացի եւ կատարցի գործընկերներին հայտնել են, որ նախկինի պես թերահավատորեն են վերաբերվում բանակցություններում հնարավոր առաջընթացին, սակայն պատրաստ են քննարկելու հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները:
Իսրայելը ձգտում է բանակցություններ վարելու փուլերով՝ սահմանափակվելով պատանդների գործարքով, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պատանդների հարցը քննարկելուց, քանի դեռ չի համաձայնեցվել մշտական զինադադարի խնդիրը: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ իսրայելկան կողմը կհամաձայնի դադարեցնել պատերազմը, եթե Գազայի հատվածից արտաքսեն Յահյա Սինուարին, Մուհամմեդ Դեյֆին եւ չորս այլ դաշտային հրամանատարների։ Սակայն ՀԱՄԱՍ-ը, ըստ աղբյուրի, կտրականապես մերժել էր այս առաջարկը։