Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանումից հետո Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակումը, ըստ երեւույթին, կդադարեցվի: Հիմա գերիների փոխանակման մասին արդեն խոսք լինել չի կարող։ Դրա մասին հունվարի 24-ին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կարտապոլովը։
Նա հավելել է, որ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76-ին հետեւում էր եւս մեկ ԻԼ-76 ինքնաթիռ՝ 80 բանտարկյալներով: Այդ ինքնաթիռը հետ են ուղարկել։ Նա նշել է, որ ԻԼ-ը ենթադրաբար խոցվել է Patriot կամ Iris T երեք հրթիռներով: «ՀՕՊ օպերատորները գիտեին, թե ուր է թռչում ինքնաթիռը եւ չէին կարող այն շփոթել որեւէ այլ թիրախի հետ»,- հավելել է նա:
Պատգամավորը նշել է, որ այդ Իլ-76-ը մշտապես օգտագործվում էր բանտարկյալներին հասցնելու համար, ուստի այն թռչում էր բավականին ազատ՝ օգտագործելով փակ օդանավակայան։
Բելգորոդի մոտ Իլ-76-ի կործանումը մեկնաբանել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։ Արտգործնախարարության հատուկ հանձնարաություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ինքնաթիռը խոցելու համար մեղադրել է Կիեւին, դա որակելով «խելագար բարբարոսության արարք»։ «Այս արյունալի միջադեպը խիստ տարակուսանք է առաջացնում առնվազն որոշ պայմանավորվածությունների եւ ցանկացած ձեւաչափի հնարավորության առումով»,- նշել է նա տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ։
Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանը Իլ-76-ի կործանման առնչությամբ դիմում է հղելու ԱՄՆ-ին եւ Գերմանիային։ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ աղետի պատճառները պարզելու համար:
Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներով ԻԼ-76-ը կործանվել է Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 12:00-ի) Բելգորոդի մարզում։
Ավելի վաղ Կորոչանսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նա նշել էր, որ տեղում աշխատում են քննիչներն ու ԱԻՆ աշխատակիցները։