2013-ի հունվարի 24-ին ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը նախագահի ընտրություններում նախընտրելի թեկնածու չունի, բայց գրեթե գիտի, թե ով է հաղթելու։ «Բոլոր հնարավոր թեկնածուներից ամենամեծ շանսերը Սերժ Սարգսյանինն են»,- ասում է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը։
ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարությունում նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է, թե ինչ վիճակում է բանակի սպառազինությունը. «Զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաեւ ժամանակակից եւ հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որեւէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի»։
ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) առանձնապես ոգեւորված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ «Իսկ մենք ծախսելու բան ունե՞նք։ Եթե դու ծախելու բան չունես, ի՞նչ տարբերություն՝ դու որ շուկայի մեջ ես։ 170 մլն չէ, 1 միլիարդանոց շուկայի մեջ ես, եթե դու ծախելու բան չունես, քո համար տարբերություն կա՞»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստիպված է անձամբ մեկնաբանել Զավեն Միրիջանյանին բանտ չնստեցնելու դատարանի որոշումը, թեպետ 2013-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ասել էր, որ կեղծարարների հետ խիստ են լինելու. «Ընտրակաշառք առաջարկողին ընտանիքից կտրենք, դատենք, ինչ է թե ՀՀԿ-ն ասել է՝ պետք է պատժվե՞ն»։
Բաքվի մերձակայքում գտնվող նորաբաց զորամասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ պետության ստեղծումը բացառվում է. «Որքան շուտ այդ իրողությունը ըմբռնի Հայաստանի ղեկավարությունը, այնքան լավ հենց իր համար»։
ԵԽԽՎ բարձր ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեկընդմիշտ պիտի հիասթափեցնի. «Դուք հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։
Նույն օրը Դավոսում Իլհամ Ալիեւը տեղեկացնում է, որ գոհ է Ռուսաստանի հետ վերջին տարիների ռազմատեխնիկական համագործակցությունից։ «Այդ սպառազինության մեծ մասն Ադրբեջանն արդեն ստացել է»։
Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի ռուս փորձագետ Ալեքսանդր Պերենջիեւը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բխում է Հայաստանի անվտանգության ապահովման հետաքրքրություններից. «Եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, մի կողմից, կզրկվի Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է դառնալ ոչ բարյացակամ երկիր ՌԴ-ի համար, իսկ դա լրջորեն կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում եւ կվատթարացնի անվտանգային հարցը Հայաստանի համար»։
Խորհրդարան այցելած գործարար Խաչատուր Սուքիասյանը խոստովանում է, որ ժամանակին անձամբ է հրավիրել Սերժ Սարգսյանին «Ռոսիա մոլի» բացմանը. «Սերժ Սարգսյանին հրավիրել էի, որպեսզի նա գովազդեր Ռոսիա մոլը»։
Ղարաբաղում մտահոգված են այն փաստով, որ Հայաստանի եւ Արցախի համատեղ անվտանգության խորհուրդների նիստին չի հրավիրվել ԼՂ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Արցախցիների համար պարզ է, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյայից հետո փորձում են իշխանությունը պահել կիսատ թողած ոչ հայանապաստ գործողություններն ավարտին հասցնելու համար»,- հայտարարում է ԼՂ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Կազանյան փաստաթղթից հետո Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկել է բանակցային փաստաթղթերում վերականգնել մի դրույթ, ըստ որի՝ ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը պետք է մասնակցեն ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հայերը, ե՛ւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ «Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետեւ 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70 եւ ավելի տոկոսը, եղել է հայկական բնակչություն»։
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անկեղծորեն ասում է, թե Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դիրքերում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո ինչո՞ւ իշխանությունը սգո օր չհայտարարեց. «Ամեն օր է սգո օր»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: