2023 թվականի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել են ե՛ւ ֆիզիկական բռնության, ե՛ւ տարատեսակ այլ ճնշումների դեպքեր, այդ թվում՝ սպառնալիքներ, ատելության խոսք, անբարեկիրթ վերաբերմունք։ Տարվա ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտահոգիչ պատկեր է արձանագրել նաեւ տեղեկատվության ազատության սահմանափակումների՝ պետական մարմիններից լրագրողների հարցումների անհիմն մերժման կամ դրանց ոչ ամբողջական պատասխաններ տրամադրելու առումով։
Բացի այդ՝ ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ են մշակվել, որոնցով փորձ է արվել իրավական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը սահմանափակելու համար։ 2023 թվականին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է ֆիզիկական բռնությունների 6, տարատեսակ ճնշումների 60, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 135 դեպք։ Վերջին երկուսի պարագայում նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից (ԽԱՊԿ) տեղեկանում ենք՝ 2023-ին ընդդեմ ԶԼՄ-ների եւ լրագրողների նոր դատական հայցերի թվի աճ է գրանցվել 2022 թվականի համեմատ։ Լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը 36 է, որոնցից 34-ը՝ զրպարտության եւ վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով։ Ի դեպ, դրանց գերակշռող մասը՝ 23-ը, ներկայացրել են պետական մարմինները, պաշտոնյաները կամ իշխող ուժի ներկայացուցիչները:
ԽԱՊԿ-ն արձանագրել է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ ճնշում են գործադրում լրատվամիջոցների վրա՝ պահանջելով չափազանց բարձր դրամական փոխհատուցումներ, նաեւ միջնորդություն ներկայացնելով պատասխանողների գույքի ու բանկային հաշիվների վրա հայցագնի չափով արգելանք դնելու համար։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ սա արտացոլում է քաղաքական իրավիճակը։ Տարբեր քաղաքական ճամբարների ու նրանց ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները լարվածություն են առաջացնում նաեւ լրատվամիջոցների նկատմամբ։
Ըստ Նավասարդյանի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը , որ մշակվել է ու այժմ ակտիվորեն քննարկվում է, շատ մտահոգիչ է․ այն ոչ միայն լրագրողների, այլեւ ընդհանրապես քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակման սպառնալիքներ է պարունակում։ Նավասարդյանը հույս է հայտնում, որ այս նախագիծը չի ընդունվի։ Իշխանափոխությունից հետո նա սկզբունքային փոփոխություններ չի նկատել խոսքի ազատության կամ լրագրողների նկատմամբ ճնշումների առնչությամբ։
Մեր դիտարկմանը, թե այս իշխանությունների օրոք լրագրողները նույնիսկ Ազգային ժողովում են բռնության ենթարկվում (նաեւ քաղաքական գործիչների կողմից), ընդ որում՝ այդպիսի դեպքերը քիչ չեն, Նավասարդյանն արձագանքեց․ «Ես դա միայն լրատվամիջոցների գործունեության հետ չեմ կապում։ Ընդհանուր քաղաքական լարվածության ու բեւեռացման հետեւանք է։ Բռնությունը կարող է կիրառվել ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքական գործիչների նկատմամբ։ Դա ընդհանրապես հանրային քաղաքականության, մշակույթի ցածր մակարդակի մասին է վկայում, որի պատճառով վերջին տարիներին խնդիրներ են առաջացել»։
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ լրագրողները պիտի համախմբվեն ու կարողանան դիմակայել քաղաքական ճնշումներին: Եթե քաղաքական ուժերի միջեւ կան լարված հարաբերություններ, դա ազդում է նաեւ նրանց հետ առնչություն ունեցող լրագրողների վրա։ «Եթե լրագրողները ինքնակարգավորման մեխանիզմներ օգտագործեն, պրոֆեսիոնալ էթիկայի խնդիրներով զբաղվեն, դա լավ օրինակ կլինի նաեւ քաղաքական գործիչների համար, որոնք շահագրգռված կլինեն պատշաճ վերաբերվելու նրանց։ Ի վերջո պետք է աշխատեցնեն էթիկայի հանձնաժողովը, որը շատ կարեւոր ինստիտուտ կարող է լինել։ Այն քանի տարի է՝ չի գործում, պետք է փորձել վերակենդանացնել»,- նշում է Նավասարդյանը։ MegaNews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը մի քանի անգամ բռնության է ենթարկվել վերջին տարիներին:
«2020 թվականին՝ ԱԱԾ շենքի դիմաց ցույցի ընթացքում իրավապահներն անհամաչափ ուժ կիրառեցին։ Մի քանի լրագրող վնասվածք ստացան, ես էլ՝ գլխի ու ոտքի շրջանում։ Դրանից հետո հիվանդանոց տեղափոխվեցի, առաջին բուժօգնություն ստացա։ Հեռախոսս էլ էր վնասվել, իմ հաշվին վերանորոգեցի»,- պատմում է Մարգարիտա Դավթյանը։ Այս միջադեպի ընթացքում բռնության ենթարկված լրագրողները մի քանի անգամ հրավիրվել են ոստիկանություն․ գործը դեռ քննվում է, չի փակվել։ Անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտն էր այդ դեպքին անդրադարձել առանձին զեկույցում։
«Մի անգամ էլ 2021-ին ԱԱԾ աշխատակիցները ԱԺ-ում լրագրողներին բռնությամբ օթյակից դուրս հանեցին, այդ ժամանակ էլ վնասվածք ստացա»,- հիշում է Դավթյանը։ Ըստ նրա՝ վերջին տարիներին՝ իշխանափոխությունից հետո, խոսքի ազատության սահմանափակման դեպքերը շատացել են։ Մանավանդ երբ լրագրողները սուր հարցեր են հնչեցնում, կարող են տարատեսակ ճնշումների ենթարկվել։
Ցույցերի ու ակցիաների ընթացքում աշխատող լրագրողներն ընդհանրապես ապահովագրված չեն բռնություններից նույնիսկ այն դեպքում, երբ հայտարարում են, որ իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ «Նման դեպք եղավ, օրինակ, 2022 թվականին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Մամուլը ճնշումների էր ենթարկվում, որոշ հրապարակումների համար լրատվամիջոցների նկատմամբ գործեր էին հարուցվում, սահմանվել էին աստղաբաշխական չափերի տուգանքներ․․․ Իշխանափոխությունից հետո խոսքի ազատությունը որոշակիորեն սահմանափակվել է, մամուլի աշխատանքը պարբերաբար խոչընդոտվում է, անգամ դա փորձում են օրենքով անել՝ մշակելով այնպիսի նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն սահմանափակում են տեղեկություն ստանալու իրավունքն ու ազատ խոսքը»,- եզրափակում է Մարգարիտա Դավթյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։