Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Բելգորոդի մարզում հունվարի 24-ին ռուսական Իլ-76 ինքնաթիռի կործանման փաստով քրեական հետաքննություն է սկսել։ Հետաքննությունն իրականացվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 438-րդ՝ «Պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում» հոդվածով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան պահանջելու է միջազգային հետաքննություն անցկացնել Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքների վերաբերյալ։
Զելենսկին նաեւ հայտնել է, որ տեղի ունեցածի մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնը, Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալայը եւ Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովն իրեն զեկույցներ են ներկայացրել։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պետք է պարզել բոլոր հստակ փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ուկրաինայի վերահսկողությունից դուրս՝ Ռուսաստանի տարածքում։ Զելենսկին նշել է, որ ռուսներն ակնհայտ կերպով խաղում են ուկրաինացի գերիների կյանքի, նրանց հարազատների եւ Ուկրաինայի հասարակության զգացմունքների հետ։
Հունվարի 25-ին Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրում ՌԴ արտակարգ ծառայությունները ինքնաթիռի պոչամասում գտել են սեւ արկղերը` խոսքային եւ պարամետրիկ ինքնագրերով։ Սեւ արկղերն արդեն հանձնվել են ՌԴ քննիչներին։