Ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Կառավարությունը հաշվի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության անցկացումը։
Միեւնույն ժամանակ հաշվի չեն առնվել միջազգային ընկերությունների՝ 2019-ին անցկացված ուսումնասիրության արդյունքներն ու եզրակացությունը։ Ընդ որում՝ վերոնշյալ միջազգային ընկերությունների ուսումնասիրության նպատակով ՀՀ պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
Հաշվի չեն առնվել ջրային ռեսուրսների՝ Սեւանա լճի, Արփա եւ Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան եւ Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետեւանքով մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերին՝ ուրանին, թորիումին, ինչպես նաեւ ռադոնին առնչվող ռիսկերը, հանքի շահագործման հետևանքով առաջացող հսկայական ծավալի թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառմանն առնչվող ռիսկերը:
2023-ի փետրվարին ՀՀ Կառավարության, «Լիդիան» միջազգային ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարկման մասով հուշագիր է ստորագրվել: Հուշագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել 250 միլիոն դոլարի ներդրումներ, որից 100 միլիոն դոլարը՝ Եվրասիական զարգացման բանկից վարկի տեսքով։
«2016 թվականին բնապահպանության նախարարության եւ «Լիդիանի» միջեւ կնքված հուշագրով Լիդիանը խոստացել էր 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել եւ 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչ օրս չի արվել»,– նշված է համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լիդիանը ներկայացրել էր բնապահպանական ռիսկերի կառավարման սեփական հիմնավորումը։