Կիեւը Ռուսաստանից ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հարցում չի ստացել Բելգորոդի մարզում օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Յուսովը նշել է նաեւ, որ Իլ-76-ի հետ միաժամանակ օդային տարածքում են գտնվել նաեւ ռուսական այլ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ Ան-26 եւ Ան-72։ Ըստ նրա՝ Ռուսաստանը Բելգորոդի օդանավակայանն ակտիվորեն օգտագործում էր ռազմական մատակարարումների համար։
Յուսովը հավելել է, որ գերիների վերջին փոխանակման ժամանակ, երբ այդ նպատակով կիրառվել էր օդային տրանսպորտ, Մոսկվան Ուկրաինային խնդրել էր ապահովել օդային տարածքի անվտանգությունը։
«Այս անգամ ագրեսոր պետությունը նման խնդրանքներ չի ներկայացրել»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչը։