Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է սաստիկ ռազմական գործողություն ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ առաջիկա ամիսներին՝ բացահայտ թշնամական քաղաքականության անցնելով: Դրա մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Պաշտոնյաները գնահատել են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ կոշտ դիրքորոշմամբ համեմված սադրանքներն օրինաչափություն են դարձել, սակայն նրա վերջին հայտարարություններն ավելի ագրեսիվ են, քան նախորդ հայտարարությունները, եւ անհրաժեշտ է լուրջ վերաբերվել դրանց:
Հյուսիսային Կորեայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել է, որ իրենք պետք է 2024-ին քայլեր ձեռնարկեն՝ ԱՄՆ-ին հակազդելու համար։ Կիմ Չեն Ընը ցանկանում է ԿԺԴՀ սահմանադրության մեջ ամրագրել, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի ամենաթշնամական երկիրն է, միաժամանակ Սահմանադրությունից հանել Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման մասին հիշատակումը։
Ընդսմին, ամերիկյան հատուկ ծառայություններն առայժմ չեն նկատել նշաններ, որ Հյուսիսային Կորեան ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի է դիմելու։
Ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ իրենք Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, այդուհանդերձ, չեն բացառում, որ Փհենյանը այնպիսի հարվածներ կարող է հասցնել, որ խուսափի լայնամասշտաբ էսկալացիայից։