2023 թվականի դեկտեմբերին Գյումրու համայնքապետարանում առանց այն էլ թեժ կրքերն ավելի էին բորբոքվել. քաղաքը ղեկավարող «Բալասանյան» դաշինքին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց կիսել քաղաքի ղեկը: ՔՊ-ն միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ ստորագրած համագործակցության հուշագիրը։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Գյումու նորընտիր ավագանու կազմում տասնչորս մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» եւ տասնմեկ մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետ էր առաջադրվելու «Բալասանյան դաշինքի» ցուցակի առաջին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեին իշխող ուժի թեկնածուները։
Համաձայնագիրը խզելուց հետո համայնքի ղեկավարի տեղակալներ Արթուր Պապիկյանը, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, եւ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, հրաժարականի դիմումներ էին ներկայացրել: Որոշման պատճառը, ըստ նրանց, եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Թե ովքեր էին ստվերից կառավարում Գյումրին, ՔՊ-ականներն անուններ չհնչեցրին:
ՔՊ-ականների՝ համայնքապետարանից դուրս գալն ու իշանությունը բալասանյանականներին անցնցում զիջելը քաղաքում տարակարծությունների առիթ տվեց: Ոմանք սպասում էին Գյումրիում Ալավերդու հայտնի սցենարի կրկնությանը, ոմանք էլ թե՝ բեմականացված շոու է, քաղաքական առեւտուր. Սամվել Բալասանյանի որդին Իրաքում դեսպան նշանակվելու դիմաց է Գյումրու քաղաքապետի աթոռը զիջել ՔՊ-ին:
Սակայն կանխատեսումներից ոչ մեկը չիրականացավ. տարեմուտից օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Միսակ Բալասանյանը հետ կանչվեց Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Ավելին՝ նույն օրը Գյումրու ավագանու արտահերթ նիստում ավագանին չհաստատեց Գյումրու գլխավոր փաստաթուղթը՝ տարվա բյուջեն եւ հաստիքացանկը:
ՔՊ խմբակցությունը հայտարարեց, որ նախագիծը ոչ թե համայնքի խնդիրները լուծելու, այլ կոծկելու մասին է: Ըստ նրանց՝ անապահով քաղաքացիներին մի կտոր փայտ եւ 10000 դրամ բաժանելով քաղաք չեն զարգացնում:
Ավագանու «Զարթոնք» խմբակցությունն էլ քաղաքի ղեկավարությանն էր մեղադրում, որ մայրաքաղաքի բյուջեի հետ համեմատած Գյումրու բյուջեն, մեկ անձի հաշվով, այդքան փոքր է:
«Ապրելու երկիրը» նույնպես բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց. խոստացված նոր աղբավայրի, թափառող շների, ասֆալտապատման, երթուղային ցանցի բարելավման եւ մինչեւ կեսգիշեր աշխատելու ու բազմաթիվ այլ խնդիրների խոստացված լուծումները չտրվեցին: «Ապրելու երկիրը», սակայն, չլուծված խնդիրների համար մեղադրեց թե՛ «Բալասանյան դաշինքին», թե՛ ՔՊ-ին։
Քաղաքում նորից ակտիվացան խոսակցությունները, կանխատեսում էին, որ սա Բալասանյանների իշխանության ավարտն է, սակայն կրկին սխալվեցին:
Գյումրու ավագանին 2024 թվականի հունվարի 23-ին արտահերթ նիստ անցկացրեց, որի օրակարգում դարձյալ քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի եւ տարեկան աշխատանքային վերամշակված պլանի հաստատումն էր։
Ի տարբերություն նախորդ անգամվա՝ ՔՊ-ն եւ մյուս խմբակցություններն այս անգամ կողմ քվեարկեցին նախագծին՝ հնարավորություն տալով Բալասանյան դաշինքին միանձնյա կառավարելու հանրապետության երկրորդ քաղաքը:
Թե ինչ կհաջորդի այս ամենին, ոչ ոք ասել չի կարող, բայց որ գործողությունների այսպիսի ընթացքն անսպասելի էր բոլորի համար, ակնհայտ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։