Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մասամբ մերժել է միգրացիոն օրինագիծը, որը ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն անվանել է իր «գաղափարական հաղթանակը»։ Խորհուրդը հունվարի 25-ին չեղարկել է պատգամավորների՝ նախկինում հաստատած վիճահարույց օրինագծի զգալի մասը՝ որոշելով, որ դրա 86 հոդվածներից 32-ը բավարար օրենսդրական հիմքեր չունեն։ Ներգաղթի մասին վիճահարույց օրենքը խորհրդարանը հաստատել էր դեկտեմբերի 19-ին։ Փաստաթղթին կողմ էր արտահայտվել 349, դեմ՝ 186 պատգամավոր:
Սահմանադրական խորհուրդը գրաքննության է ենթարկել այն հոդվածները, որոնք դժվարացնում էին ներգաղթյալների համար իրենց ընտանիքներին Ֆրանսիա բերելը եւ սահմանափակում սոցիալական նպաստներից օգտվելու նրանց հնարավորությունը: Օրինագիծը նաեւ խստացրել է պաշտոնապես «անցանկալի անձ» ճանաչված օտարերկրացիների արտաքսման հիմնավորումները։
Միեւնույն ժամանակ, Խորհուրդը հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության առաջարկած օրինագծի դրույթների մեծ մասը՝ չհամաձայնելով տեքստի մի շարք վիճահարույց լրացումներին, որոնք արվել էին աջ եւ ծայրահեղ աջ քաղաքական գործիչների ճնշման ներքո։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման արձագանքները
Սահմանադրական խորհրդի որոշումը բուռն քննադատության է ենթարկել աջ թեւը։ Այսպես՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Էրիկ Սկիոտտին ասել է, որ խորհուրդը քաղաքական, ոչ թե իրավական որոշում է ընդունել։ Ֆրանսիայի վերին պալատի հանրապետականների առաջնորդ Բրունո Ռետայլոն նշել է, որ խորհրդարանն, ըստ երեւույթին, այլեւս օրենքներ չի ընդունում։
Աջակողմյան «Ազգային միավորման» նախագահ Ջորդան Բարդելլան կարծում է, որ կոշտ միջոցները, որոնց, իր կարծիքով, ամենաշատը աջակցում էին ֆրանսիացիները, չեղյալ են հայտարարվել, եւ այժմ «օրենքը մեռած է»։ Օրինագծով, ի թիվս այլ բաների, առաջարկվում էր պարզեցնել անօրինական միգրանտների արտաքսումը եւ միգրացիոն քվոտաներ սահմանել։ Միաժամանակ, ֆրանսիացի իրավապահների նկատմամբ հանցագործություն կատարած երկքաղաքացիները, ըստ օրինագծի, կարող են կորցնել ֆրանսիական անձնագիրը։