Կարմիր ծովում հութիների հարձակումները զսպելու համար Պեկինը սկսել է ճնշում գործադրել Թեհրանի վրա: Տեղեկությունը հայտնել է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի կառավարական աղբյուրներին։
Պատճառը բեռնափոխադրումների եւ ապահովագրության ծախսերի ավելացումն է հարձակումների պատճառով: Դրանք խաթարել են առանցքային առեւտրային ճանապարհը, որը լայնորեն օգտագործում է Չինաստանը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքաշրջանառության համար:
«Եթե Չինաստանի շահերը որեւէ կերպ վնասվեն, դա բացասաբար կանդրադառնա Թեհրանի հետ առեւտրային հարաբերությունների վրա»,- հայտնել է բանակցային գործընթացին ծանոթ գործակալության աղբյուրներից մեկը։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները դիվանագիտական խողովակներով դիմել էր Չինաստանին՝ կոչ անելով օգնել զսպելու հութիների հարձակումները Կարմիր ծովում: Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ Պեկինի վրա դիվանագիտական ճնշումները դեռեւս արդյունք չէին տվել: