Իրանի եւ Հայաստանի բնակիչներին ամենաքիչն է անհանգստացնում միջուկային սպառնալիքը։ Հայաստանում եւ նրա մերձավոր հարեւան ու բնական դաշնակից Իրանում միջուկային զենքի կիրառման հավանականությունը չափազանց ցածր են գնահատոււմ հարցվածների համապատասխանաբար 33%-ը եւ 30%-ը։
Աշխարհի 40 երկրում 40 հազար հարցվածների շրջանում Gallup International-ի անցկացրած «Տարվա վերջ» (End of the Year) հարցման արդյունքներով ատոմային պատերազմից ամենաշատը վախենում են Ինդոնեզիայի եւ Նիգերիայի բնակիչները. այստեղ միջուկային զենքի կիրառման ռիսկը բարձր է համարում հարցվածների 72%-ը: Էկվադորում եւ Սիրիայում այդպես է կարծում բնակչության 69%–ը, Արգենտինայում՝ 68%–ը: Իտալիայում հարցվածների երկու երրորդը՝ 67%-ը, նույնպես միջուկային սպառնալիքի կիրառման մեծ հավանականություն է տեսնում:
Ռուսաստանում միջուկային վտանգը բարձր է համարում բնակիչների 20%-ը։ Միջուկային սպառնալիքի վտանգը բարձր է համարում ամերիկացիների մեկ երրորդը՝ 34%-ը, միջին` 52%, իսկ ցածր` 9%-ը:
Ամբողջ աշխարհում հարցվածների երկու հինգերորդը՝ 40%-ը, միջուկային զենքի կիրառման ռիսկը բարձր է համարում։ Հարցվածների 37%-ն այս ռիսկը գնահատում է չափավոր, իսկ 14%-ը միջուկային զենքի կիրառումից առհասարակ վտանգ չի տեսնում։ Մյուսները դժվարացել են պատասխանել։