ԱՄՆ 25 նահանգների նահանգապետներ նախագահ Ջո Բայդենին եւ նրա վարչակազմին մեղադրել են Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու ցանկություն չունենալու համար։
«Նախագահ Բայդենը եւ նրա վարչակազմը ամերիկացիներին եւ մեր երկիրը լիովին խոցելի են թողել հարավային սահմանով ապօրինի ներգաղթի աննախադեպ հոսքի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նահանգապետները նախագահի վարչակազմին մեղադրել են Տեխաս նահանգին դատի տալու համար, երբ նահանգի իշխանությունը փորձել է ամերիկյան քաղաքացիներին պաշտպանել երկիր ներթափանցող անօրինական ներգաղթյալներից եւ ահաբեկիչներից, ինչպես նաեւ արգելել մահացու թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի ներկրումը նահանգ։
Դիմումի հեղինակներն աջակցել են Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին, որի հրամանով Մեքսիկայի հետ սահմանին Ռիո Գրանդե գետի երկայնքով փշալարեր են անցկացվել։ Նահանգապետները հայտարարել են, որ Բայդենի վարչակազմը հրաժարվում է ներգաղթի մասին օրենքները կիրառելուց եւ զանգվածային կերպով վաղաժամկետ ազատում է ԱՄՆ մուտք գործած անօրինական ներգաղթյալներին:
Հայտարարությունը ստորագրել են Ալաբամա, Ալյասկա, Արկանզաս, Այդահո, Այովա, Վայոմինգ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա, Ջորջիա, Ինդիանա, Լուիզիանա, Միսիսիպի, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նեւադա, ինչպես նաեւ Նյու Հեմփշիր, Օհայո, Օկլահոմա, Հյուսիսային Դակոտա, Թենեսի, Ֆլորիդա, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա եւ Յուտա նահանգների նահանգապետները: