Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների եւս մեկ փաթեթ։
«Ադրբեջանական կողմը համաձայնագրի պայմանների վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա շաբաթներին»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ավելի վաղ Գերիների, պատանդների եւ անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը:
Բացի դրանից, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկություններ տրամադրելուց, հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։
Մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաեւ 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:
«Բացի այս՝ Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից»,– նշված է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի 993 քաղաքացի համարվում է անհետ կորած 90-ականների սկզբից, եւ Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ: