2013-ի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում բառացիորեն մուննաթ է գալիս մի լացող կնոջ վրա, որը նրան ասում է, որ հիվանդ երեխաներ ունի։ «Բա հիվանդ էրեխա, եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,-դժգոհում է Սերժ Սարգսյանը։ «Սուտ ա խոսում, պարոն նախագահ»,- հընթացս ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անկեղծորեն ասում է, թե ոստիկանությունն ինչ ճանապարհ է անցել ՀՀ քաղաքացու հետ հարաբերություններում. «Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել»։
2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից գեներալ Մանվել Գրիգորյանը այլեւս չի հանդուրժում այն ազատամարտիկներին, որոնք իշխանափոխություն են պահանջում։ «Էն մարդը, որ հայտարարություններ է անում, փողոց է դուրս գալիս, նա ազատամարտիկ չէ, ազատամարտիկը էսօր սահմանի վրա է, էն տղերքն են, որ զոհվել են, ով որ զենքը ձեռը ինձ, քեզ պաշտպանում ա, դու էլ տենց ազատ խոսում ես»,- լրագրողին ասում է գեներալը։
Բանակի օրը չափազանց շքեղ ավտոմեքենայով Եռաբլուր է այցելում նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվում են հոգեւորականին անհարիր բիզնես գործունեության եւ շքեղ կյանքի մասին. «Դե ձանձրացրիք ինձ արդեն»։
Այսօր նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի, սակայն նա վերջին պահին հրաժարվում է Գյումրի մեկնելու մտքից։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի էլ թաքցնում պատճառը. «Մենք ոտքով ենք ման գալու Գյումրիում, դրա համար չեկավ»։
«Եռաբլուր»-ում լրագրողները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին խնդրում են մեկնաբանել այն տեղեկությունը, ըստ որի ապրիլին գուցե Սերժ Սարգսյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը. «Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել»։
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ իմաստավորում է զինված ուժերի դերը Արցախյան ազատամարտում. «Մենք այս հաղթանակը որեւէ մեկին չենք զիջի»։
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշում է անձամբ անդրադառնալ Փաշինյանին նվիրած գրիչի պատմությանը, որը նոր իշխանությունն ընկալել էր իբրեւ իրեն ծառայելու հայտ։ «Ինձ համար զարմանալի էր, թե մեկուկես տարի ինչու էր պահել այդ գիչը: Անկեղծ եմ ասում, չէի հիշում, որ երբեւէ ինչ-որ գրիչ եմ նվիրել: Սա սովորական քաղաքավարության կանոն է ընդամենը, դիմացինին ինչ-որ մի պահ հաճելի մի բան անելը: Սիրում եմ նվերներ տալ, բայց ես նույնիսկ դա նվեր չեմ համարի: Ասել եմ՝ թող մնա ձեզ մոտ, որովհետեւ երկրի վարչապետն այդ պահին իր մոտ գրիչ չուներ»,- ասում է ՍԴ նախագահը։
44-օրյա պատերազմին հաջորդող Բանակի օրվա ուղերձում վարչապետն այլեւս հաղթանակներից չի խոսում։ Պարտությունը փոխել է նրա հռետորաբանությունը. «Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ»։
Երկրորդ նախագահը անթաքույց հեգնանքով է խոսում հայոց բանակի մասին. «Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ադրբեջանն ապաօկուպացրել է իր տարածքները։ «ԼՂ հակամարտությունն ավարտված է, այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը եւ ընդմիշտ այդպիսին կլինի»,- Բաքվում Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս Սիսիի հետ բանակցություններից հետո ասում է Ալիեւը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: