Միլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաեւը սուր քննադատության է ենթարկել Գերմանիային այն պատճառով, որ ԵԽԽՎ վերջին նիստում Ադրբեջանի հարցով զեկուցողն այս երկրից էր։ Ռզաեւը նշել է, որ ներկայում Գերմանիան Ադրբեջանի հետ հարաբերություններում հետ չի մնում Ֆրանսիայից։ «Երկու պետություններն էլ պատմականորեն գաղութատեր են, ամենասարսափելի պատերազմների մասնակիցներ, մարդասպան երկրներ, ֆաշիզմի եւ դրա քարոզչության կենտրոններ»,- շեշտել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է սահմանափակել գերմանական մեքենաների ներմուծումն Ադրբեջան` պատգամավորն ասել է, որ պետք է սահմանափակել ոչ միայն այս երկրից մեքենաների ներկրումը, այլեւ Ադրբեջանում որոշ կազմակերպությունների գործունեությունը. «Եթե Գերմանիան այսօր թշնամական քաղաքականություն է վարում մեր նկատմամբ, ապա ադրբեջանական պետությունը պետք է կտրուկ ուղղի իր բողոքը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի»։